Home / Հայաստան / Սամվել Ալեքսանյանը շաքարավազի հարցում խորամանկում է

Սամվել Ալեքսանյանը շաքարավազի հարցում խորամանկում է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը, արձագանքելով «Ժամանակ» օրաթերթի այն հրապարակմանը, որ այսօր արդեն մի շարք խանութներում շաքարավազը վաճառվում է 450 դրամով, նշել է. «Մեր այսօրվա մոնիտորինգը ցույց է տվել, որ «Երևան Սիթիում» շաքարավազը վաճառվում է մանրածախ գնով` 345 դրամով…Քանի որ այս սուպերմարկետների ցանցը համարվում է նաև ներկրողի խանութ, մենք մոնիտորինգի հարցում առաջնորդվում ենք այդ ցանցերի գներով…Այս սուպերմարկետների ցանցում շաքարավազը նաև ազատ վաճառքի է դրված…Հետևաբար հանձնաժողովը չի գտնում, որ ներկրողը չարաշահումներ է թույլ տալիս»:

Իսկ մանր ու միջին խանութներում հանձնաժողովը  մոնիտորինգ չի իրականացնում: Նշենք, որ ինչպես իր բոլոր գործերում, այստեղ ևս Սամվել Ալեքսանյանը մեծ խորամանկության է դիմել. նա պահեստներից մանր ու միջին սեփականատերերին շաքարավազ նախկինի պես չի մատակարարում, փոխարենն առաջարկում է, որ նրանք շաքարավազը ձեռք բերեն «Երևան Սիթի» խանութների ցանցից: Ստացվում է, որ եթե նախկինում մանր ու միջին խանութի սեփականատերը պահեստից անհամեմատ ցածր գնով էր շաքարավազը ձեռք բերում, ապա այսօր ստիպված է «Սիթիի» գներով ձեռք բերել և ավելի թանկ գնով վաճառել, որ կարողանա շահույթ ապահովել: Այս պարագայում ստացվում է, որ սպառողները, բնականաբար, ստիպված են իրենց գնումները կատարել միայն «Սիթիների» ցանցից, և կգա մի օր, որ բացի «Երևան Սիթի» խանութների ցանցից, էլ ոչ մի խանութում շաքարավազ չի վաճառվի: Որոշ աղբյուրներ նշում են, որ Սամվել Ալեքսանյանը այնքան է տխրել սպառողների գնողունակության անկումից, որ ցանկանում է այն 30-50 դրամը, որ վաստակում էին մանր ու միջին խանութների տերերն իր ներկրած շաքարի հաշվին, ևս փոխադրել իր գրպան:

Tekali Taxi