Home / Հայաստան / Տիգրան Կարապետյանը կհանդարտվի միայն ոչնչանալով

Տիգրան Կարապետյանը կհանդարտվի միայն ոչնչանալով

Նախորդ շաբաթ ստորագրված կոալիցիոն հուշագիրը իշխանության ուզուրպացում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ժողովրդական կուսակցության ղեկավար, ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը:

«Այն ուժերը, որոնք կարող էին մրցակցել կամ հակադրություն ցույց տալ ընտրական գործընթացներում, կամ ընդհանրապես վարչական խնդիրներում, այսօր միացել են, և շատ հնարավոր է, որ ընտրությունների գնան միասնական ցուցակով և ժողովրդի մեջ մտցնելով` «բա ի՞նչ եք ուզում, մենք միավորվել ենք առաջատար ուժերով»: Նույնը արեցին հեռուստատեսային դաշտում», – ասել է Տիգրան Կարապետյանը:

Նրա խոսքով` այսօր Հայաստանում ձևավորվել է մի միտք, որ «կա իշխանություն, որն ավելի է հոռացել, կա ընդդիմություն, որը ձգտում է աթոռի, և կա նոր ընդդիմություն»:

«Նոր ընդդիմությունը դա մենք ենք: Ժողովրդական կուսակցությունը ոչ թե աթոռակռիվ է անում, այլ հանուն արդարության դուրս է եկել փողոցներ: Բայց այս պետությունում արդարությունն իսպառ գոյություն չունի, բոլոր ոլորտներում մենաշնորհ է, անկայունություն, անպատժելիության մթնոլորտ, ամենաթողություն», -հայտարարել է Կարապետյանը:

Ժողովրդական կուսակցության ղեկավարն անդրադարձել է փետրվարի 28-ին իր կողմից հրավիրված հանրահավաքին` նշելով, որ «ի զարմանս շատերի այն մարդաշատ է լինելու»:

«Փետրվարի 15-ին, երբ մեր համաժողովը որոշեցինք դուրս բերել փողոց, ոմանց թվաց, թե ժողովուրդը նվազել է: Ժողովուրդը չի կարող նվազել, արդարության շուրջ միշտ կլինի ժողովուրդ: Մեզ կարող են հանդարտեցնել միայն ոչնչացնելով»,-եզրափակել է Տիգրան Կարապետյանը:

Tekali Taxi