Home / Հայաստան / Լիբիական քաղաքներն անցնում են ընդդիմության կողմը. Քադաֆին քննադատում է ՄԱԿ-ին

Լիբիական քաղաքներն անցնում են ընդդիմության կողմը. Քադաֆին քննադատում է ՄԱԿ-ին

Լիբիական փոքր և մեծ ևս մի քանի քաղաքներ անցել են հակառավարական ցույցերի մասնակիցների վերահսկողության տակ, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:

Լիբիայի 68-ամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի դեմ պայքարող ցուցարարները երեկ ամբողջովին ազատել են մայրաքաղաք Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զավիյահ քաղաքը: Այժմ քաղաքում չի մնացել և ոչ մի զինվորական: Վերջիններս տանկերով դիրքովորվել են Զավիյահի մերձակայքում, սակայն քաղաքի վրա հարձակում չեն ձեռնարկում, հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

AFP գործակալության լրագրողի հաղորդմամբ` կառավարական զորքերը դուրս են եկել նաև Տրիպոլիից 24 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նալուտ քաղաքից:

Լիբիայում բողոքի ակցիաներ անցկացնող ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ` ցուցարարները ազատել են նաև Ռիբաթ, Ջադո, Քաբավ, Ռոգբան, Զենտան, Յեֆրեն, Կեկլա, Ղերիեն և Հավամեդ քաղաքները, որոնք գտնվում են Տրիպոլիից ոչ շատ հեռու:

«Բոլոր այս քաղաքներից Քադաֆիի զորքերը հեռացել են և փոխարենը նշանակվել են  հեղափոխական կոմիտեներ», – հայտարարել է ընդդիմության ներկայացուցիչ Շաբան Աբու Սիտան:

Նշենք, որ ընդդիմության կենտրոնը գտնվում է Բենղազի քաղաքում և ղեկավարվում է նախկին արդարադատության նախարար Մուստաֆա Աբդել Ջալիլի կողմից: Քադաֆին վերահսկում է Տրիպոլին, որտեղ շարունակվում են ցուցարարների բողոքի ակցիաները:

Քադաֆիին երեկ սերբական TV Pink հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատել է, որ չի լքելու երկիրը, ինչպես նաև քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը սառեցնել իր ընտանիքի և իր մերձավորների հաշիվները, ինչպես նաև Լիբիայի դեպքերի առիթով հետաքննություն սկսել Հաագայի միջազգային քրեական դատարանում

Tekali Taxi