Գլխավոր / Հայաստան / Գասպարին խոստանում է հետևել Նիկոլ Փաշինյանի օրինակին

Գասպարին խոստանում է հետևել Նիկոլ Փաշինյանի օրինակին

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին ոստիկանությում ասել են, որ այսօր կեսօրին իրեն բերման են ենթարկել վարչական իրավախատման համար` վարչական օրենսգքրի 182 հոդվածի հիմքով: Այս մասին լրագրողներին հայտնել է ինքը` Գասպարին, այն բանից հետո, երբ նրան բաց են թողել Երևանի ոստիկանության «Կենտրոն» բաժնից:

Հիշեցնենք, որ Գասպարիին բերման էին ենթարկել բացօթյա առևտրի դեմ անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում: Ոստիկանները հրել էին ակտիվիստին և քաշ տալով մտցրել ոստիկանական մեքենա:

«Ես, իհարկե, իմ բացատրության մեջ գրեցի այն, ինչ ես ցանկանում էի գրել: Եթե ես դա չանեի, մեկ է, ես պետք է գրեի հաղորդագրություն հանցագործության մասին, այս խուլիգանների կատարած հանցագործության մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վարդգես Գասպարին:

Նա իր բացատրության մեջ նշել  էր, որ իր նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել և պատռել են իր պաստառը, որում պատկերված էր վարչապետի նկարը և գրված էր. «Խուլիգան, կատարիր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի և ԵՄ-ի նախարարների խորհրդի որոշումը «Ա1+»-ի հեռարձակման իրավունqը վերականգնելու մասին»:

Գասպարին նաև հայտնել է, որ այսուհետ իր ուժերի չափով հետևելու է Նիկոլ Փաշինյանին:

«Լինելու եմ նույնքան անհանդուրժող ավազակապետության նկատմամբ, որքան Նիկոլ Փաշինյանն է, փորձելու եմ քայլ առ քայլ հետևել նրան: Նիկոլ Փաշինյանը առաջին մարդկանցից էր, որ եղել է սոցիալապես տուժած մարդկանց կողքին: Եվ  ևս  փորձելու եմ ձեզ հետ միասին լինել բոլոր տուժած մարդկանց կողքին, պաշտպանել նրանց իրավունքները»,- նշել է Գասպարին:

Նա նաև ասել է, որ բերման ենթարկելու ժամանակ ինքը մարմնական վնասվածք է  ստացել և հիմա ոստիկանությունից դատաբժշկի ուղեգիր է ստացել:

«Խուլիգանները` ոստիկանական համզգեստով գող-ավազակները, ինձ դիմահար հարվածեցին կրծքիս, և ես մեջքով վայր ընկա, զգում եմ, որ ողնաշարիս հատվածում  աստիճանբար ցավ է տալիս: Սա, իմիջիայլոց, առաջին դեպքը չի: Ուրբաթ երեկոյան, երբ ես իրազեկում էի անում մարտի մեկի հանրահավաքի մասին, ոստիկանության քաղաքացիական համազգեստով լակոտներից մեկը իմ պաստառը խլեց և փախավ, գնաց: Այնուհետև ես իմ ակցիան շարունակեցի անել նախագահական նստավայրի դիմաց: Երեկ գիշերը` ժամը 22.30-ին, ոստիկանական համազգեստով թափթփուկները եկան ինձ բռնեցին, տարան այգում պահեցին մոտ մեկ  ժամ: Նորից ֆիզիկական բռնություններ, նորից սպառնալիքներ, բայց մենք այլևս դրանցից վախ չունենք, մեկ ա բանտերն ընդամենը կարող են 1000 Նիկոլ Փաշինյան պահել իրենց պատերի մեջ, տասը հազար չեն կարող պահել, ամեն մեկս մի Նիկոլ Փաշինյան, այ այդպես ենք լինելու»,- իր խոսքն այսպես է եզրափակել Վարդգես Գասպարին:

Նշենք նաև, որ մինչ Գասպարին գտնվում էր ոստիկանությունում դրսում հավաքված էին հասարակական ակտիվիստներ և բացօթյա առևտրի դեմ բողոքի մասնակիցները, ովքեր պարբերաբար վանկարկում էին «Վարդգես, Վարդգես»: