ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին լուրերն անհեթեթություն են, Epress.am-ի հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Շահեն Տոնոյանը:
«Այդ տեղեկատվության սկզբնաղբյուրը եղել է Slaq.am կայքը` հանձինս Մենուա Հարությունյանի, իսկ այդ մարդը ավելի լավ կանի` իր կերպարի վերաբերյալ կատակներ անի, ամեն մարդ իրա բարոյականության և դաստիարակության համապատասխան է կատակ անում, նրա կերպարը ամենօրյա կատակի թեմա է»,- ասել է Տոնոյանը:
Հիշեցնենք, որ այսօր Slaq.am ինտերնետային կայքը տեղեկացրել է, որ Աղվան Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել` նշելով, որ դա ապրիլմեկյան կատակ էր:
Միևնույն ժամանակ, նման տեղեկատվություն է տարածել նաև Առաջին լրատվականը` նյութում հատուկ շեշտելով, սակայն, որ «սա ապրիլմեկյան կատակ չէ»: