Գլխավոր / Հայաստան / Հարյուրավոր ձերբակալվածներ. Ադրբեջանի ընդդիմությունը գոհ է բողոքի ակցիայից

Հարյուրավոր ձերբակալվածներ. Ադրբեջանի ընդդիմությունը գոհ է բողոքի ակցիայից

Երեկ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած հակակառավարական ցույցի ժամանակ ոստիկանությունը հարյուրավոր մարդկանց է ձերբակալել: Չնայած դրան, ընդդմության առաջնորդները՝ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը և Ադրբեջանի Ազգային ճակատ կուսկացության նախագահ Ալի Քերիմլին համարում են, որ ակցիան հաջողված է եղել:

Դեռևս ակցիայից առաջ ոստիկանությունը սկսել էր առավել ակտիվ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները: Երեկ դրանք շարունակվել են նոր թափով: Ձերբակալվել են ոչ միայն շարքային ակտիվիստներ, այլ նաև ընդդիմության առաջնորդներից մի քանիսը, մասնավորապես, Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին, նույն կուսակցության երիտթևի ղեկավար Աբուլֆազ Ղուրբանլին:

Ակտիվիստները երեկ խմբերով փորձել են հավաքվել Բաքվի կենտրոնում: Ինչպես նշում են ադրբեջանցի բլոգերները, նրանք հակակառավարական կոչեր էին վանկարկում, սակայն նրանց գործողությունները շատ արագ կասեցվում էին ոստիկանության կողմից: Ակտիվիստներին բերման ենթարկելիս դաժան ծեծի էին ենթարկում: Բաքվի կենտրոնում անհայտ անձինք ջարդում էին նաև խանութների ապակիները: Ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ՝ դա իշխանությունների սադրանքն էր՝ հետագայում ընդդիմության վրա մեղքը բարդելու նպատակով:

«Ինչպես մենք կանխատեսում էինք, ապրիլի 2-ի ակցիան ամենախոշորն էր վերջին տարիների ընթացքում: Ակցիային մասնակցում էին հազարավոր մարդիկ և նրանց թիվը կարող է մեծանալ: Պետք է նշել, որ քաղաքի բնակիչները սատարում էին ակցիայի մասնակիցներին, շատ դեպքերում նրանց միանում ու քայլում, կոչեր էին վանկարկում: Սա ապացուցում է, որ ապրիլի 2-ին ոչ թե պարզապես ընդդիմության ակցիա էր, այլ համաժողովրդական բողոքի ցույց», — ասել է Իսա Ղամբարը:

Ալի Քերիմլին նշել է, որ ցույցից առաջ իշխանությունները լուրջ միջոցներ էին ձեռնարկել այն կանխելու համար՝ ակտիվիստները ձերբակալվել են դեռևս Բաքվի ճանապարհին, կասեցվել է Բաքու մտնող տրանսպորտի աշխատանքը:

«Ոստիկանները մեծ դաժանություն են դրսևորել, օգտագործել են արցունքաբեր գազ, մահակներ, սակայն մարդիկ կարողացել են իրենց բողոքն արտահայտել», — հայտարարել է նա:

Լուսանկարում՝ ոստիկանության կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Թազախան Միրելեմլին: