2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ընդդիմության հանրահավաքի օրը կրկին «համընկավ» այլ միջոցառումների հետ

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում՝ 2011թ. ապրիլի 20-ին ժամը 16.00-22.00-ն Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Սակայն Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը Ազատության հրապարակում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ապրիլի 20-ին, և դրան հաջորդող օրերին ևս այդ վայրում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:

Միաժամանակ, Կոնգրեսին առաջարկել են նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազատության հրապարակից հեռացվել էին մանկական զվարճանքների համար նախատեսված բոլոր ատրակցիոնները, և միայն ժամանակավոր բեմն է մնացել, որտեղ ելույթ են ունենում երգի-պարի տարբեր համույթներ: