Գլխավոր / Հայաստան / Հայաստանը և Սերբիան զերծ կմնան ուժի կիրառումից ԼՂՀ-ի և Կոսովոյի դեպքում». Սարգսյան

Հայաստանը և Սերբիան զերծ կմնան ուժի կիրառումից ԼՂՀ-ի և Կոսովոյի դեպքում». Սարգսյան

Հայաստանի և Սերբիայի նախագահները Սերժ Սարգսյանն ու Բորիս Տադիչը այսօր Բելգրադում երկու միջկառավարական համաձայնագիր են ստորագրել՝ օդային հաղորդակցությունների մասին և դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սրագսյանը գոհունակություն է հայտնել ստրոգրված փաստաթղթերի կապակցությամբ:

«Այդ փաստաթղթերն ընդլայնում են մեր իրավապայմանագրային դաշտն ու լավ նախադրյալներ ստեղծում համագործակցության զարգացման համար», – ասել է ՀՀ նախագահը:

Անդրադառնալով նախագահների հանդիպման մանրամասներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Բորիս Տադիչի խնդրանքով ինքը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները:

«Մենք համաձայնեցինք, որ խնդրի խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից: Պարոն Նախագահը նույն մոտեցումը ցուցաբերեց Կոսովոյի խնդրի հետ կապված` ասելով, որ երբեք Սերբիան չի ճանաչի Կոսովոյի անկախությունը, բայց միևնույն ժամանակ զերծ կմնա որևէ ռազմական գործողություններ վարելուց», – հայտարարել է երկրի ղեկավարը:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր օգտվել է ինքնորոշման իր իրավունքից, չի կարող ունենալ ապագա Ադրբեջանի կազմում:

«Իրեն պարտադրված դաժան պատերազմում նա պաշտպանել է իր հայրենիքը, և անհնար է ստիպել Ղարաբաղին հրաժարվել իր անկախությունից», – ասել է Սարգսյանը:

Ամփոփելով երկու հանդիպման արդյունքները՝ Սերժ Սարգսյանն այն գնահատել է արդյունավետ և հույս է հայտնել, որ հայ-սերբական քաղաքական երկխոսությունն ու տարբեր ոլորտներում համագործակցությունը` համատեղ ջանքերի և արդեն իսկ ստեղծված նախադրյալների շնորհիվ այսուհետև կկրեն կանոնավոր ու շարունակական բնույթ:

Tekali Taxi