Հայ աստղերին կոչ են անում նվիրել բնակարանները անտուն ընտանիքներին
Երեկ Մոսկվայում կայացած «Տաշիր- 2011» մրցանակաբաշխությունից հետո Facebook սոցիալական ցանցում էջ է ստեղծվել, որի հեղինակները կոչ են անում մրցանակաբաշխության ժամանակ որպես նվեր բնակարաններ ստացած երգիչներին նվիրել դրանք անտուն ընտանիքներին:
«Առաջարկում ենք մեր աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները նվիրել անտուն ընտանիքներին (մեր ակտիվ մասնակցությունից է կախված արդյունքը): Մեր աստղերին խնդրում ենք վերաբերվել հարգանքով»,- նշված է ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ մրցանակաբշախության ժամանակ Արմենչիկը, Թաթա Սիմոնյանը, Շուշան Պետրոսյանը, Ռազմիկ Ամյանը, Նունե Եսայանը, Ջիվան Գասպարյանը, Լուսինան, Արման Հովհաննիսյանը, Էմմին, Սիրուշոն ստացել են Երևանում նոր բնակարանների սերտիֆիկատներ:
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանը բնակարանի սերտիֆիկատ հանձնեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին:
Մարտին Մկրտչյանին հանձնվեց ՌԴ հայտնի ընկերություններից մեկի կողմից մեկ տեսահոլովակ նկարահանելու սերտիֆիկատ:
«Լավագույն երգչուհի» ճանաչվեց Էմմին, իսկ «Լավագույն երգիչ»` Ռազմիկ Ամյանը: «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից նրանցից յուրաքանչյուրին ավտոմեքենա հանձնվեց:
Ֆեյսբուքյան էջի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ մարդիկ թերահավատ են առ այն, որ հայ աստղերը նման քայլի կդիմեն և կհրաժարվեն իրենց բնակարաններից, սակայն օգտատերերը ողջունում են այս նախաձեռնությունը:
«Ես չեմ հավատում , որ նման բան կանեն , բայց լավ նախաձեռնություն ա, ողջունում ենք»,- գրում է օգտատերերից մեկը:
«Տո դրանք տենց բան անող չեն»,- արձագանքում է մեկ այլ օգտատեր:
«Կոչ ո՞ւմ: Աստղերի՞ն: Էդտեղ աստղեր կա՞ն: Ես միայն աղբ եմ տեսնում», - մեկնաբանում է ևս մեկ օգտատեր: