Գլխավոր / Հայաստան / Ընդդիմությունը հանրահավաքին «կամփոփի» Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ տարին

Ընդդիմությունը հանրահավաքին «կամփոփի» Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ տարին

«Եթե ապրիլի 8-ի հանրահավաքը լինի նույնքան մարդաշատ, որքան այսօրվա ասուլիսը, մենք հաղթելու ենք» բառերով լրագրողների հետ հանդիպումը սկսեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` Կոնգրեսի գալիք հանրահավաքն ունի հետաքրքիր յուրահատկություն. այն պատահաբար համընկնում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ տարվա ավարտի հետ, «ուստի` այն կարելի է համարել այդ տարիների ամփոփման յուրահատուկ մի հնարավորություն»:

«Հայոց պետականության, ժողովրդի համար երեք առանցքային բնագավառներում` երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, արտաքին քաղաքական դիրքերի ամրության, երկրում ժողովրդավարական ազատությունների առումով Սերժ Սարգսյանի կառավարումը կարելի է որակել ուղղակի աղետալի», — ասել է Զուրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ սոցիալ-տնտեսական բնագավառում Հայաստանն այն բացառիկ երկրներից է, որը երեք տարիների ընթացքում արձանագրել է ՀՆԱ-ի 5% անկում, «ամբողջ աշխարհում միջին հաշվով եղել է աճ»:

Զուրաբյանը հերթական անգամ անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությանը»` այն որակելով «կործանված»:

«Բայց նաև ավելի ծանր կորուստներ ենք ունեցել ղարաբաղյան ճակատում: Նրա դիվանագիտության արդյունքում Եվրոպայի Խորհրդի  2008 թվականի հուլիսի 24-ին ընդունվեց 1614 բանաձևը, ԵԱՀԿ-ի 2009 աթենքյան և 2010 թվականի Աստանայի որոշումները, 2010 թվականի մայիսի 20-ին ընդունված Եվրոպական խորհրդարանի բանաձևը, 2011 թվականի մարտի 24-ին հրապարակված «ԵԱՀԿ Մինսկի խմբի դաշտային գնահատման առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հարակից Ադրբեջանի օկուպացված տարածքներում» զեկույցը` բոլոր այս փասթաթղթերը վկայում են, որ մենք ուղղակի պարտվում ենք ղարաբաղյան և դիվանագիտության ճակատում, քանի որ այդ փասթաթղթերում աստիճանաբար տեղ են գտնում աննպաստ արտահայտություններ, որոնք, ըստ էության, հաստատում են Ադրբեջանի մոտեցումները ԼՂՀ հակամարտության վերաբերյալ և կանխորոշում են Ղարաբաղի կարգավիճակը Ադրբեջանի կազմում», — հայտարարել է Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողը նաև նշել է, որ քաղբանտարկյալները շարունակում են պահվել բանտերում. «Մեկ, երկու, երեք հոգու բաց թողնելը ոչ մի նշանակություն չունի: Քաղբանտարկյալներ կամ կան երկրում, կամ չկան»:

Ամփոփելով իր խոսքը` Զուրաբյանը հայտարարել է. «Մենք գործ ունենք կատարելապես ձախողված մի իշխանության հետ, որը որևէ բնագավառում ոչինչ չի կարողացել տալ սեփական ժողովրդին և չունի իր պաշտոնավարության շարունակության համար որևէ արդարացում»: Այս համատեքստում ՀԱԿ-ը կոչ է անում հայ հասարակությանը հավաքվել և «արժանի գնահատական տալ սնանկ ռեժիմին»: