2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Լևոն Զուրաբյանը բանակցեց փոխոստիկանապետի հետ. ոստիկանները մի կողմ քաշվեցին

Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին մասնակցելու համար Մատենադարանի մոտ արդեն հավաքվել են հազարավոր մադրիկ: Մարդկանց հոսքը չի դադարում, արդեն իսկ ամբողջությամբ փակվել է Մաշտոցի պողոտայի և Կորյուն փողոցի խաչմերուկը, հաղորդում է Epress.am-ի թղթակիցը: Ոստիկանները հրում են մարդկանց դեպի Մատենադարանի բարձրունք` փորձելով ազատել երթևեկելի հատվածը: Այդ հատվածում հրմշտոց և բախումներ են նկատվում ոստիկանների և մարդկանց միջև, որոնց ոստիկանները թույլ չեն տալիս ազատ կանգնել` անընդհատ քաշքշելով նրանց:

Մարդկանց շարքերն անցել են Մաշտոցի պողոտայի և Կորյունի փողոցի անկյունում գտնվող «Պոնչիկանոցը»:

Հանրահավաքի մեկնարկին Արամ Մանուկյանը կոչ է արել ոստիկաններին հանգստություն պահպանել և չխանգարել հանրահավաքի բնականոն ընթացքը: Դրանից հետո ոստիկանների գործողությունները ղեկավարող Հայաստանի փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանին է մոտեցել Լևոն Զուրաբյանը և սկսել է զրուցել նրա հետ:

Բանակցությունների արդյունքում ոստիկանները մի կողմ են քաշվել: