Հայաստանի քաղաքացիների իրավունքը խաղաղ ընտրությունների միջոցով փոխել իշխանությունը երկրում սահմանափակված է ընտրությունների ընթացքում շարունակական բնույթ կրող խախտումների պատճառով: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի 2010 թվականի մարդու իրավունքների զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածում:
«Անվտանգության ծառայությունների որոշ աշխատակիցներ շարունակում են իրականացնել մարդու իրավունքների խախտումներ՝ անպատիժ մնալով: 2010 թվականի ընթացքում հայկական բանակում դարձյալ կասկածելի մահվան դեպքեր են գրանցվել ոչ պատերազմական իրավիճակում, ինչպես նաև բանակում գրանցվել են սպայական անձնակազմի և զինվորների կողմից այլոց նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքեր, որոնց մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել: Ոստիկանությունը ծեծի է ենթարկում քաղաքացիներին ձերբակալությունների և հարցաքննությունների ժամանակ: Գերծանրաբեռնվածությունը դարձել է բանտային պայմանների վատթարացման պատճառ: Դատարանները քաղաքական ճնշման են ենթարկվում իշխանության գործադիր ծյուղի կողմից, իսկ դատավորները գործում են այն դատական մշակույթի համաձայն, որով դատարանը մեղավորներ է գտնում գրեթե բոլոր դատական գործերում: Իշխանությունները շարունակում են մերժել ընդդիմադիր կուսակցություններ և այլ խմբերի դիմումները՝ հանրահավաք անցկացնել կոնկրետ վայրերում: Երբեմն նրանց այլընտրանքային վայրեր են առաջարկվում, երբեմն էլ խոչընդոտվում է մարդկանց մասնակցությունը հանրահավաքներին: Լուրջ խնդիր է կոռուպցիան, իշխանությունները սահմանափակ միջոցներ են գործադրում դրա դեմ պայքարելու համար», – մասնավորաբար, նշում են զեկույցի հեղինակները: