Home / Հայաստան / Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվն աճում է, բայց համակարգիչը հասանելի է հարուստներին

Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվն աճում է, բայց համակարգիչը հասանելի է հարուստներին

2004 թվականից ի վեր ինտերնետի տարածման տոկոսը Հայաստանում արտահայտվել է միանիշ թվով, և միայն 2010 թվականին այն արտահայտվել է երկնիշ թվով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ ամերիկուհի Քեթի Պիրսը:

Նա ներկայացնում է ՄԱԿ-ի Միջազգային հեռահաղորդակցման միության (ITU) և Կովկասի հետազոտական ռեսուրսային կենտրոնի «Կովկասյան բարոմետր» (CB)  ծրագրի տվյալների համադրական աղյուսակը` ընդգծելով, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում ինտերնետի տարածվածությունը աճել է 3 անգամ:

Հայաստանում տան պայմաններում ինտերնետից օգտվողների համեմատական աղյուսակ.

2004 2005 2006 2007 2008 2009 2010
ITU 2.00% 2.90% 4.21% 4.41% 5.86% 5.86%
CB 4.30% 7.00% 5.80% 19.30%

Պիրսը նշում է, որ 2010 թվականի ընթացքում նման աճի հիմնական պատճառը կարող լինել շարժական ինտերնետը: «Կովկասյան բարոմետրի» տվյալների համաձայն, հայաստանցիների 22 տոկոսն օգտվում է ինտերնետից բջջային հեռախոսների օգնությամբ: Դրանց հիմնական մասն այդ ծառայությունից սկսել է օգտվել 2009 կամ 2010 թվականներից սկսած: Բացի դա, Հայաստանում գործող բջջային օպերատորները շարժական ինտերնետի լայն ընտրություն են առաջարկում` որոշ դեպքերում բավական ցածր գներով:

Պիրսը նշում է, որ, չնայած կարող է թվալ, որ տվյալ տեխնոլոգիաների հիմնական օգտագործողները պետք է լինեն երիտասարդ և հարուստ քաղաքի բնակիչներ, Հայաստանում շարժական ինտերնետից օգտվողները բավական լայն խումբ են կազմում. դրանց 37 տոկոսը Երևանի բնակիչներ են, 29-ը` այլ քաղաքների բնակիչներ և 35-ը` գյուղական համայնքների ներկայացուցիչներ: Շարժական ինտերնետի օգտատերերը հավասարապես կանայք են և տղամարդիկ, միջին տարիքը` 41 տարեկան:

Պիրսը նշում է, որ Հայաստանում 2010 թվականի ընթացքում գրեթե երկու անգամ աճել է նաև անհատական համակարգիչներ ունեցող մարդկանց թիվը: 2009 թվականի ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 14,7 տոկոս, մինչդեռ 2010 թվականին 26,7 տոկոս:

Համաձայն «Կովկասյան բարոմետր»-ի տվյալների, անհատական համակարգիչներ օգտագործողների 24,8 տոկոսն այն գնել են 2009-ին, 24,2 տոկոսը` 2010-ին: Պիրսն այդ աճը բացատրում է «Համակարգիչ բոլորի համար» կառավարության ծրագրի ներմուծմամբ, որը հնարավորություն է տալիս վարկով համակարգիչ ձեռք բերել, ինչն էլ նպաստում է օգտատերերի թվի աճին:

«Այս ծրագիրը օգնում է որոշ մարդկանց որոշ քանակությամբ համակարգիչներ ձեռք բերել, այնուամենայնիվ, համակարգիչները թանկ են հայաստանցիների հիմնական մասի համար: Չնայած կառավարության սուբսիդավորման ծրագրի, անհատական համակարգիչները հասանելի են Հայաստանի հասարակության հարուստ հատվածին», – եզրակացնում է Պիրսը:

Tekali Taxi