Home / Հայաստան / Սալեհ ալ Մուտլակխը կժամանի Հայաստան

Սալեհ ալ Մուտլակխը կժամանի Հայաստան

Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպում է ունեցել տնտեսական ոլորտի համար պատասխանատու Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակխի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտները: Մասնավորապես, Իրաքի փոխվարչապետին հետաքրքրել է Հայաստանից Իրաք էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծումը: Կողմերը քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավոր ճանապարհները և հույս հայտնեցին, որ այդ խնդիրը լուծում կգտնի:

Զրուցի ընթացքում խոսվեց նաև Հայաստանի հնարավոր մասնակցության մասին Իրաքի վերակառուցման գործում, հատկապես բնակարանային շինարարության մեջ:

Մուրադյանը տեղեկացրել է Սալեհ ալ Մուտլակխին, որ մոտ ապագայում հայկական կողմը կներկայացնի իրաքյան կողմի քննարկմանը երկու պայմանագիր` տնտեսական համագործակցության և ներդրումների պաշտպանման մասին:

Հանդիպման վերջում դեսպանը փոխանցել է Իրաքի փոխվարչապետին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրավերը այցելել Հայաստան: Սալեհ ալ Մուտլակխը ընդունել է հրավերը և նշել, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան` բարձրաստիճան պաշտոնյաների և իրաքյան գործարարների ուղեկցությամբ:

Tekali Taxi