Home / Հայաստան / «Եհովայի վկաներ»-ը Հ1-ին ևս մեկ պահանջ են ներկայացրել. դատական նիստը հետաձգվեց

«Եհովայի վկաներ»-ը Հ1-ին ևս մեկ պահանջ են ներկայացրել. դատական նիստը հետաձգվեց

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ընդդեմ Հանրային հեռուստատեսության հայցի քննությունը:

Նիստից առաջ դատարանի միջանցքում` նիստերի դահլիճի մոտ, հավաքվել էին  «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մի քանի տասնյակ ներկայացուցիչներ: Կազմակերպության շահերը ներկայացնում էին կանադացի փաստաբան Շեյն Բրեյդին (նկարում` կենտրոնում) և հայաստանցի Ելենա Մարգարյանը:

«Եհովայի վկաներ»-ի հայցադիմումի պահանջն է պատասխանող հեռուստաընկերությանը պարտավորեցնել անհապաղ հերքել հայցվորների պատիվը և արժանապատվությունն արատավորող 2010 թվականի նոյեմբերի 9-ի, 10-ի, 11-ի Հ1-ի «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդումների շրջանակներում տարածված այն տեղեկությունները, համաձայն որոնց իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Խաչիկի Թորոսյանը Եհովայի վկա է:

Հայցվոր կողմը նաև պահանջում է հերքել սույն տեղեկատվությունը նույն հաղորդումների խորագրի տակ, նույն տեղակայմամբ, նույն հաղորդման ժամին և այնքան անգամ, որքան այդ հաղորդումները հեռարձակվել են:

Հայցադիմումի մեջ նշված  պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջի վերաբերյալ Հ1-ի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանը նշել է, որ պատիվը և արժանապատվությունն իրավաբանական անձին ոչ բնորոշ հատկանիշներ են, պատիվ ու արժանապատվություն կարող է ունենալ միայն ֆիզիկական, ոչ թե իրավաբանական անձը: Այդ իսկ պատճառով պատասխանող կողմը խնդրել է հստակեցնել պահանջը:

Հայցվոր կողմը, իր հերթին, նշել է, որ իրենք նաև ցանկանում են արատավորված գործարար համբավի պաշտպանության պահանջ ներկայացնել: Զոհրաբյանի նկատել է, որ  հայցադիմումի մեջ նման պահանջ նշված չի եղել: Այդ պահին դատարանը ընդմիջում է հայտարարել` հնարավորություն տալով հայցվոր կողմին լրացումներ մտցնել հայցադիմումի մեջ:

Ընդմիջման ընթացքում Epress.am-ի հետ զրույցում այս առնչությամբ Հ1-ի շահերի պաշտպան Արա Զոհրաբյանն ասել է. «Կարծում եմ, որ դա հայցվոր կողմի սկզբնական հայց ներկայացնելու, ոչ ճիշտ կողմնորոշվելու արդյունք էր»:

Ընդմիջումից հետո հայցվոր կողմը իր նախկին պահանջին ավելացրել է նաև գործարար համբավի վերականգման մասը: Հայցվոր կողմի փոփոխված պահանջը լսելուց հետո դատավոր Սամվել  Թադևոսյանը նշել է, որ սահմանված փոփոխությունը պետք է ուղարվկի նաև պատասխանողներին, և հաջորդ նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ պատասխանող կողմը կծանոթանա հայցադիմումի նոր տարբերակների հետ:

Նիստից հետո լրագրողները հարցեր ուղղեցին փաստաբան Շեյն Բրեյդիին,սակայն նա հրաժարվեց պատասխանել դրանց:

«Որպես փաստաբան ես դատաքննութան ընթացքում կներկայացնեմ իմ դիրքորոշումը: Ճիշտ չեմ գտնում դատաքննությունից դուրս կարծիք արտահայտել»,- նշել է փաստաբանը:

Tekali Taxi