Home / Հայաստան / Սլովենիայում Հայաստանի նախագահը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի որդեգրած ուղու մասին

Սլովենիայում Հայաստանի նախագահը խոսել է Ադրբեջանի և Թուրքիայի որդեգրած ուղու մասին

Հայաստանի անմիջական հարևանը թյուր է ըմբռնել եվրոպական ուղին՝ եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա։

Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, որը կայացել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում երկու նախագահների հանդիպումից հետո:

«Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարևանը (նկատի ունի Ադրբեջանը  – Epress.am) սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում և սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով։ Մեր մյուս հարևանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեև միջազգային պարտավորություն է ստանձնել։ Արդյո՞ք անտեղյակ են մեր հարևանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է։ Այս ամենով հանդերձ՝ տարածաշրջանային և ոչ մի զարգացում ի զորու չէ հետ պահել մեզ մեր ընտրած ուղուց։ Հայաստանը հաստատակամ է ընդլայնել համագործակցությունը Եվրոպական միության ու նրա անդամ երկրների հետ, հատկապես` Արևելյան գործընկերության շրջանակներում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սլովենիայի նախագահը  թեև Հայաստանի հետ Եվրամիության շրջանակում համագործակցությունը դրական է համարել, սակայն նշել է, որ այսօր անհրաժեշտ է ջանքեր գործադրել Հայաստանի և Սլովենիայի միջև զարգացնելու առկա համեստ ապրանքաշրջանառությունը, բանակցություններ սկսել տնտեսական ոլորտում և  ներդրումներ իրականացնել:

Դանիլո Թյիրկը նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.

«Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է աշխատել միասին լուծել քաղաքական հիմնախնդիրները, որի վրա հիմնված են միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը: Սլովենիան սատարում է Մինսկի խմբի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, որը հակամարտութուններից ամենաերկարատևներից է Եվրոպայում»:

ԶԼՄ-ների հետ հանդիպումից հետո, երկու երկրների նախագահների ներկայությամբ կայացել է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, Հայաստանի և Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է եվրոպական ինտեգրման վերաբերյալ համագործակցության մասին արձանագրություն, իսկ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Tekali Taxi