Home / Հայաստան / Սփյուռքի նախարարին մեղադրում են փողերի լվացման մեջ

Սփյուռքի նախարարին մեղադրում են փողերի լվացման մեջ

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին պատկանող 20 միլիոն դրամը տարել  է Սփյուռքի նախարարությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կառավարության ենթակայության տակ գործող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը:

Նշենք, որ 2009թ. վերոնշյալ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է դարձել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Պողոսյանի խոսքով` վերջինիս հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվելուց էլ սկսվել է խախտումների շարքը:

Պողոսայանը հավաստմամբ` կոնֆլիկտը սկսել է նրանից, որ Հրանուշ Հակոբյանը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 2010 թվականին «50 ծրագրերի կատարում գրում է հիմնադրամի վրա»:

Այդ որոշման տակ Թամարա Պողոսյանը չի ստորագրել, քանի որ, նրա խոսքով, ութ աշխատակիցներով իրենք չէին կարող այդքան միջոցառում իրականացնել:

«Չստորագրեցի: Իրենք հերթով պիտի գրեին, ես էլ ստորագրեի: Փողեր լվանալու սխեմա էր ձևավորվել, որը չիրականացավ»,- ասել է Պողոսյանը: Բանախոսը նաև տեղեկացրել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ժամանակ Հակոբյանի որոշմամբ հիմնադրամը պետք է ներկայացներ ֆինանսական հաշվետվությունը, ծախսը, հաջորդ տարվա ծրագրերի նախագծերը:

Հիմնադրամի տնօրենը նշում է, որ սովորաբար այդ ամենը ներկայացվում է հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվար-մարտին: Այդ ընթացքում Թամարա Պողոսյանի առողջությունը վատացել է և նա ստիպված է եղել մեկ և կես ամիս մնալ հիվանդանոցում:

Նիստը կայացել է առանց հիմնադրամի գործադիր տնօրենի մասնակցության, որի ժամանակ էլ Հակոբյանը տարբեր որոշումներ է ընդունել, այդ թվում` հիմնադրամին հատկացված գումարից 12 միլիոն տրամադրել այլ հասարակական կազմակերպությունների:

Այս ամենի հետ չհամաձայնելով`Թամարա Պողոսյանը տեղի ունեցածի համար ցանկացել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրան ընդունել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և ասել, որ խնդրի մասին կզեկուցի Սերժ Սարգսյանին:

Պողոսյանը մինչ օրս Սերժ Սարգսյանից պատասխան չի ստացել: Խնդրին լուծում տալու նպատակով` նա դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին:

«Գլխավոր դատախազը գործն ընդունեց: Ես համոզված էի, որ եթե նրան չուղարկեի, իմ դիմումը նախագահականից դուրս չէր գա»,- ասել է Թամարա Պողոսյանը:

Վերջինս նաև նշել է, որ հիմնադրամի բյուջեն, որը Մշակույթի նախարարության ենթակայությունից Սփյուռքի նախարարության ենթակայության տակ է հայտնվել, եղել է  քաղաքական որոշումների արդյունք:

Թամարա Պողոսյանին նաև զարմացնում է այն փաստը, որ մինչ օրս ոչ նախագահը, որ վարչապետն այս խնդրին չեն արձագանքել:

Ի դեպ, Թամարա Պողոսյանը նաև տեղեկացրել է, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի աշխատակազմը աշխատաքնից դուրս գալու դիմումներ են գրել:

Լուսանկարը` usahayer.com

Tekali Taxi