Home / Հայաստան / Ռուսաստանցի բլոգերը կոչ է արել դադարեցնել Սարգսյանի հետապնդումը

Ռուսաստանցի բլոգերը կոչ է արել դադարեցնել Սարգսյանի հետապնդումը

Օրերս kasparov.ru-ն հաղորդել էր, որ Օրլովի շրջանում «Միացյալ քաղաքացիական ճակատի» առաջնորդ Գեորգի Սարգսյանին ապրիլի 5-ին հրավիրել էին քննչական վարչություն` ընդդիմադիր գործչին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Վերջինս մեղադրվում էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին վիրավորանք հասցնելու մեջ: Սարգսյանը Live Journal-ի իր անձնական բլոգում տեղադրել էր ընդդիմության ակցիայի ժամանակ արված մի նկար, որտեղ ցուցարարներից մեկի ձեռքի պաստառին գրված է «Պուտինը պի.…ծ»:

Երեկ լուսանկարիչ, բլոգեր Նիկոլայ Դանիլովը որոշել է խոստովանությամբ հանդես գալ և պատմել հանրությանը, թե ով է իրականում Պուտինի «վիրավորական նկարի» իրական հեղինակը` միաժամանակ պահանջելով դադարեցնել Սարգսյանի նկատմամբ իրականացվող հետաքննությունը: «Эхо Москвы» ռադիոկայանի կայքի իր բլոգում Դանիլովը դիմում է ՌԴ Օրլովի շրջանի հետաքննչական վարչության արդարադատության գեներալ-մայոր Սազին Սերգեյ Տիխոնովիչին:

«Գեներալ, ինձ թվում է, որ ուրիշի կողմից արված նկարի համար Գեորգի Սարգսյանին հետապնդելն ու հարցաքննության կանչելը ճղճիմ է և ոչ կոռեկտ, եթե անգամ այդ նկարում պաստառ կա` «Պուտինը պի….ծ» բովանդակությամբ: Գեներալ, ես ձեր համար ավելի խոշոր թիրախ ունեմ` մի լուսանկարիչ, այդ նկարն անձամբ արած և անձամբ այդ նկարը գլոբալ միջազգային ցանցում տեղադրած մարդ, դա ես եմ: Այդ իսկ պատճառով ես առաջարկ ունեմ ձեզ համար, ձեր հետաքննչական վարչության և Դաշնային բյուրոյի աշխատակիցների համար: Խնդրում եմ, դադարեք հետապնդել Գեորգի Սարգսյանին և սկսեք ինձ հետապնդել»:

Դանիլովը նշում է, որ եթե իսկապես ներկայիս հետաքննչական կոմիտեն չի ամաչում բլոգերներին հարցաքննության կանչել ուրիշի կողմից արված փաստաթղթի պատճեի համար, թող ցուցադրական քրեական գործ սկսվի իր նկատմամբ: «Ես վստահ եմ, որ դա ոչ միայն արդյունավետ կլինի, այլ նաև ուրախ: Տեսեք թե ես ինչ պատրաստակամությամբ եմ որոշել համագործակցել հետաքննության հետ: Ինձ թվում է` նման գործընթացը մեծ արձագանք կգտնի հանրության շրջանակներում և ոչ միայն ինձ ու հետաքննությանը կուրախացնի, այլ նաև լրագրողներին, բլոգերներին, և վարչապետ Վլադիմիր Պուտինին, եթե, իհարկե, վերջինս հաստատի իրեն վիրավորված զգալու փաստը և իր ձեռով ստորագրի հայցադիմումը:

Գեներա՛լ, եկե՛ք համագործակցենք: Միասին մենք ամբողջ աշխարհին ցույց կտանք, թե որքան օպերատիվ է աշխատում ՌԴ Հետաքննչական կոմիտեն և ինչպես է  կասեցնում լուսանկարիչների գործունեությունը, որոնք նկարահանում են «Պուտինը պի….ծ» բովանադակությամբ պաստառներ»:

Tekali Taxi