Home / Հայաստան / «Երևանի ծնունդ» Կարապետյանը գիտի` ինչպես խոսել լրագրողի հետ

«Երևանի ծնունդ» Կարապետյանը գիտի` ինչպես խոսել լրագրողի հետ

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանի կարծիքով` ի դեմս իրեն Հայաստանում ձևավորվել է երրորդ այլընտրանքային ուժը, որը մայիսի 3-ին հանրահավաքին որոշակի վճռական մոտեցումներ կարտահայտի: Այս մասին Կարապետյանը հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով ուժերի հնարավոր միավորման մասին` նա հայտարարել է, որ օրերս հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և պատրաստվում է կրկին հանդիպել:

Ինչպես և վերջին երկու ամիսների իր բոլոր ասուլիսիների ընթացքում` Տիգրան Կարապետյանը հատուկ անդրադարձ է կատարել Հայ Ազգային Կոնգրեսին:

Կարապետյանը ասել է, որ «ՀԱԿ-ի ներկայացուցիչները քաղաքը ողողել են Կոնգրեսի թերթոններով»: Բանախոսը կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ը գումար ունի և վճարում է բաժանողներին:

«Վճարովի անում են, ունեն փող, ունեն մեքենաներ, ունեն նախկին դատախազ, ունեն նախկին անվտանգության նախարար, բա հո ձրի չե՞ն բաժանում»,- ասել է Կարապետյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք Կարապետյանը կարծում է, որ թերթոն բաժանող երիտասարդներին գումար են վճարում, վերջինս ասել է.

«Ինչ ա, վառվում ես, եթե վառվում ես, գնա մի բաժակ սառը ջուր խմի»:

«Պարոն Կարապետյան, այդ երիտասարդները թերթոն բաժանելիս ոստիկանության կողմից ծեծ են ուտում հաճախ»,- նշել է լրագրողը:

«Տո չէ հա, լավ ա չես ասում ժամը մեկ, մի հատ ցույց տվեք էդ ծեծվածին էլի, բա մի հատ չտեսանք, էդ որ իրանք սկսում են միտումնավոր քաշքշել, սարքել: Մենք սարից չենք ընգել, Երևանի ծնունդ ենք, լավ գիտենք: Եթե դու… հիմա ասել էի»,- Տիգրան Կարապետյան:

Epress.am-ը խնդրել է Կարապետյանից մի փոքր մանրամասնել մայիսի 3-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում սպասվող գործողությունների մասին, ինչին ի պատասխան Կարապետյանն ասել է.

«Դուք կգաք, ես գիտեմ դուք անպայման այնտեղ կլինեք, ամեն ինչ կտեսնեք: Այնտեղ ես չեմ որևէ դերակատարություն ունենում, էնտեղ ժողովուրդն են, և ժողովուրդը թող գա ու ասի իրա վճռական խոսքը, դուք էլ կլսեք»:

Tekali Taxi