Home / Հայաստան / Ընդդիմադիրի և իշխանավորի հանդիպումն անցել է «թեժ պայքարում» և ավարտվել է մեղադրանքներով

Ընդդիմադիրի և իշխանավորի հանդիպումն անցել է «թեժ պայքարում» և ավարտվել է մեղադրանքներով

Ընդդիմադիր «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի և իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի այսօրվա բանավեճը թեժ բնույթ է կրել և ավարտվել է երկուստեք մեղադրանքներով:

Ասուլիսի ընթացքում Մակեյանն անդրադարձել է ԱՄՆ-ի Պետդեպի մարդու իրավունքների ապրիլի 8-ին հրապարակված զեկույցին:

«Զեկույցում նշված է, որ  Հայաստանում հնարավոր չէ ընտրություների միջոցով իշխանափոխություն իրականացնել և նաև ֆիքսել է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանը ընտրվել է կեղծիքներով, դա դիվանագիտական լեզվով, իրականում մեր տրամաբանությամբ նշանակում է չի ընտրվել, դրա համար ՀԱԿ-ը ամեն ինչ անելու է որպեսզի իշխանությունը սահուն, անցնցում հանձի ժողովրդին»,- հայտարարել է Պետրոս Մակեյանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, իր հերթին նշել է, որ Պետդեպի զեկույցը օբյեկտիվ  չէ Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասով:

Պատգամավորի խոսքով` իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, տեսնում է թերություններն ու առավելությունները, բայց կարևոր է, որ Սերժ Սարգսյանն ինքն է բարձրաձայնում թերությունների մասին:

Բանավեճի ընթացքում Մակեյանը հիշեցրել է, Արաբկիրում բակային հանդիպումներից մեկի ժամանակ ասված իր խոսքը, որ իշխանությունը չունի ոչ ներքին, ոչ արտաքին ռեսուրս մարտի 1-ը կրկնելու համար:

Ասուլիսի ընթացքում նա ևս մեկ անգամ խոսել է դրա մասին` ընդգծելով, որ իշխանություններն արտաքին ռեսուրս ընդհանրապես չունեն: Ընդդիմադիր գործիչը հավելել է, որ, լսելով իր գործընկեր բանախոսին, ինքը հասկանում է, որ իշխանությունը դեռևս ներքին ռեսուրս ունի «մարտի մեկ» իրականացնելու` ի դեմս նման պատգամավորների, որոնք «2008թ. մարտի 1-ից հետո կարողանում են բաց ճակատով պաշտպանել ռեժիմին, որ Երևանի կենտրոնում գնդակահարել են քաղաքացիներին»:

Համլետ Հարությունյանը կոռեկտության կոչ արել, ինչին ի պատասխան Մակեյանն ասել է. «Լսի, արյունոտ ձեռքերով կոռեկտության կոչեր չեն ասի, բավական է: Քո ձեռքերը Երևանում արյունոտվել են` պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանին և այս ռեժիմի մեջ լինելով»:

Մակեյանի խոսքերին հակադարձելով` Հարությունյանն ասել է, որ այս երկրի համար արյուն տված մարդկանց կենսագրությունն են վիրավորում:

Լեզվակռիվը շարունակվել է մինչև ասուլիսի ավարտը. Մակեյանը հիշեցրել է Հարությունյանին, որ հարյուրավոր մարդիկ նստած են եղել բանտում քաղաքական հայացքների պատճառով, Հարությունյանը պատասխանել է, որ դրանք հանցագործներ են, ոչ թե քաղբանտարկյալներ (նախկին քաղբանտարկյալ Մակեյանը ձերբակալվել է մարտի 1-ի իրադարձություններից հետո և բանտում է անցկացրել մոտ 1,5 տարի – Epress.am):

Ասուլիսն ավարտվել է նրանով, որ Հարությունյանը հայտարարել է, որ ափսոսում է իր ծախսած ժամանակը, Մակեյանն էլ նշել է. «Ափսոսում եմ, որ ձեզ հետ միասին նույն սենյակում եմ գտնվել»:

Tekali Taxi