Home / Հայաստան / Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին հարցաքննել է ոստիկանությունը

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստին հարցաքննել է ոստիկանությունը

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ապուլա Էդիմա Բետե Էդելը չորեքշաբթի հրավիրվել է Փարիզի ոստիկանություն հարցաքննության համար: Վերջինս կասկածվում է իր անունը և տարիքը կեղծելու մեջ, հաղորդում է AFP-ն: Հիշեցնենք, որ Էդելը, ով Կամերունի և Հայաստանի քաղաքացի է 2002-ից մինչև 2005 թվականը հանդես է եկել Երևանի «Փյունիկում», ինչպես նաև 2004-2005 թվականներին 6 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Տարիքը փոխելու կասկածանքի վերաբերյալ Էդելն առաջին անգամ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում 2009 թվականին, երբ իր նախկին գործակալ Նիկոլաս Ֆիլիբերը հայտարել էր, որ ինքը մարզել է կամերունցի խաղացողին, երբ նա հայտնի էր որպես Ամբրոզիա Բեյամենա: Ֆիլիբերի խոսքով` Էդելն իրականում 5 տարով ավելի մեծ էր: Դարպասապահը կտրականապես հերքում է իր նկատմամբ առաջադրվող մեղադրանքները` պնդելով, որ 24 տարեկան է:

Փարիզի ոստիկանությունում երկար հարցաքննություններից հետո Էդելը կրկին պնդել է իր անմեղության փաստը:

«Ես ընդամենը վկայություն էի տալիս, և ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Ես ոչ մի վատ բան չեմ արել և շուտով ամեն ինչ կավարտվի»,- ասել է Էդելը լրագրողների հետ զրույցում հարցաքննությունից հետո:

Չնայած Էդելի վստահությանը, նրա նախկին գործակալը շարունակում է պնդել, որ դարպասապահը փոխել է իր անձնագիրը Հայաստանի «Փյունիկ» ակումբ տեղափոխվելուց առաջ:

Ֆուտբոլիստի փաստաբան Քրիսթոֆ Բիգոն հայտարարել է, որ «իրենք իրենց ձեռքի տակ ունեն Էդելի անմեղությունն ապացուցող Կամերունից բերված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»:

Փաստաբանը նշել է, որ գործն ուղարկվելու է գլխավոր դատախազություն քննության համար, և հենց նա էլ որոշելու է կարճել գործը, թե ընթացք տալ հայցվոր կողմի դիմումին:

Նշենք, որ Էդելն ինքնակամ լքել էր «Փյունիկը» 2005 թվականին` մեկնելով ռումինական «Ռապիդ», չնայած նրա պայմանագիրը հայկական ակումբի հետ չէր ավարտվել: «Փյունիկը» բողոք էր ներկայացրել ֆուտբոլիստի և «Ռապիդի» դեմ Լոզանի միջքազգային իրավարարական մարզական դատարան (CAS), որն էլ որոշում էր կայացրել բավարարել «Փյունիկի» հայցը` պարտավորեցնելով «Ռապիդին» և ֆուտբոլիստին փոխհատուցում վճարել:

«Ռապիդում» Էդելն ընդամենը 9 խաղ է անցկացրել, քանի որ դատավարության ընթացքում ՈՒԵՖԱ-ն արգելել էր նրան խաղալ: Դատավարության ավարտից հետո նա տեղափոխվել է «Պարի Սեն Ժերմեն», որտեղ էլ ամրապդնվել է հիմնական կազմում:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը փետրվարին կայացած իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ մտադրություն ունի բանակցել Էդելի հետ` վերջինիս կրկին Հայաստանի հավաքական վերադարձնելու նպատակով:

Tekali Taxi