2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

«Էրդողանն ասեց՝ 60000 անլեգալ հայ կա». առևտրականները սպառնում են նստացույցով

Երևանի քաղաքապետարանի՝ բացօթյա առևտուրն արգելելու որոշման դեմ պայքարող առևտրականներն այսօր այցելել են Ազգային Ժողով` իրենց խնդիրը ներկայացնելու համար:

Առևտրականներից երկուսին ընդունել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Epress.am-ի հետ զրույցում փոխանցել է առևտրականներից տիկին Ալլան: Սահակյանի հետ զրույցում բողոքողներն ասել են, որ սովի են մատնվում և չեն կարողանում ապրել:

«Պատվիրակները Սահակյանին ասել են՝ «ոչ մի կուսակցություն չկարողացավ ընդառաջել, դուք մի բան արեք, հարցը օրակարգից հանեք և մտցրեք նոր կետ, որ թույլ տան ծաղիկների կողքին նաև կանաչի դրվի»: Նա լուռ լսել է, հետո ասել է, որ այսօր կքննարկի այդ հարցը: Պատասխանի համար մենք երկուշաբթի օրը ժամը 10.00-ին գնալու են ՀՀԿ-ի գրասենյակ: Իսկ եթե այս անգամ էլ հարցին լուծում չտրվի, մենք նստացույց ենք անելու»,- նշել է տիկին Ալլան:

Վերջինս իր խոսքում հիշել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին.

«Եկել ես, գենոցիդ ես պահանջում, այ ընկեր Սահակյան, գենոցիդը դուք ստեղ եք անում, իսկ էնտեղից եք պահանջում: Էրդողանը քո ձայնը կտրելու համար ասեց 60000 անլեգալ հայ է ինձ մոտ ապրում, այսինքն` սովից մատնված եկել ա մոտս, չհաշված ինչքան գրանցվածներ կան: Դա ամոթ է հենց մեր ղեկավարության, մեր ազգի համար»,- ասել է տիկին Ալլան: