Home / Հայաստան / Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում խաղաղությանը

Հայաստանը կշարունակի օժանդակել Աֆղանստանում խաղաղությանը

Ապրիլի 14-ին Բեռլինում տեղի ունեցավ Աֆղանստանին նվիրված արտգործնախարարների մակարդակով Հյուսիսատլանտյան Դաշինքի Խորհրդի ընդլայնված հանդիպումը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող շուրջ հինգ տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ:

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը` Հայաստանի ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում խաղաղության, անվտանգության, կայունության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

Բեռլինում Էդվարդ Նալբանդյանը նաև հանդիպում ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները մանրամասն անդրադարձան հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիներին, քննարկեցին միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Անդրադարձ կատարվեց անցյալ տարի ՀՀ նախագահի Գերմանիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ համագործակցությունը նոր բովանդակությամբ համալրելու նպատակով:

Երկուստեք նշվեց, որ երկու երկրների միջև հաստատված է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետորեն զարգանում է փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձեւաչափերով, ստեղծվել է ամուր իրավա-պայմանագրային դաշտ, ընդլայնվում են գործարար կապերը, համագործակցությունը՝ մշակութային և կրթական ոլորտներում:

Քրիստոֆ Հոյսգենի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Tekali Taxi