Home / Հայաստան / Հայ-ռուսական համագործակցության հարթակը պահանջված է. Սերժ Սարգսյան

Հայ-ռուսական համագործակցության հարթակը պահանջված է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի լիագումար նիստին:

Համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, ՌԴ ավելի քան 20 սուբյեկտների և ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, գործարարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը», – իր խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ-ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով, ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք միլիարդ դոլարի:

«Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետևանքներից: Առավել ևս ակնհայտ է, որ պոտենցիալ հնարավորություններն զգալիորեն լայն են, քան այն արդյունքը, որն այսօր մենք ունենք: Այսպիսի ներուժ և հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը»,- ասել է երկրի ղեկավարը:

Tekali Taxi