Home / Հայաստան / Սամսոն Խաչատրյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից

Սամսոն Խաչատրյանին ազատ արձակեցին դատարանի դահլիճից

Րոպեներ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանը որոշում է կայացրել 1 տարվա պայմանական ազատազրկման ենթարկել Հայ Ազգային Կոնգրեսի համակիր, Եվրոպայի բռնցքամարտի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանին:

Նրան բաց են թողել դատարանի դահլիճից, իսկ մարդիկ ձեռքերի վրա դուրս են բերել շենքից` վանկարկելով «Սամսոն, Սամսոն»:

Իր  խոսքում մեղադրող Արմեն Աֆանդյանը պահանջել է 2 տարվա ազատազրկում: Սամսոն Խաչատրյանի պաշտպան Արա Զաքարյանը նշել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը հաստատող ապացույցներ չկան և նա մեղավոր չէ: Զաքարյանը խնդրել է դատարանին իր պաշտպանյալին ճանաչել անպարտ:
Հիշեցնենք, որ հայտնի բռնցքամարտիկին մեղադրում էին 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Սամսոն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը մարտի 15-ին: Նա ձերբակալվել էր մարտի 13-ին՝ կապված ընդդիմության մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

Համաձայն ոստիկանության հաղորդագրության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:

Դեռևս մարտի 15-ի դատական նիստից հետո Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սամսոն Խաչատրյանը խոսել է դատարանի դահլիճում և հայտարարել, որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել: Մեղադրյալի խոսքով` նշված վայրում ինչ-որ անձնավորություններ կանանց ու երեխաներին հարվածներ էին հասցնում և վիրավորում, և ինքը փորձել էր կանխել այդ գործողությունները:
Tekali Taxi