Home / Հայաստան / «Մեկ ա` թունիսիլ տենք». հայտնի բռնցքամարտիկը չի հրաժարվում իր խոսքերից

«Մեկ ա` թունիսիլ տենք». հայտնի բռնցքամարտիկը չի հրաժարվում իր խոսքերից

Այսօր երեկոյան Սարյանի արձանի քաղաքական զբոսանքի մասնակիցներին այցելեց երեկ դատարանի շենքից ազատված Հայ Ազգային կոնգրեսի անդամ, Եվրոպայի բռնցքամարտի կրկնակի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը:

Սարյանի մոտ նրան դիմավորեցին ծափերով և «Սամսոն, Սամսոն» վանկարկումներով: Կոնգրեսի ակտիվիստներն այնուհետև շամպայնով շնորհավորեցին նրա ազատվելը, վառեցին բենգալյան կրակներ` Համաժողովրդական շարժման հայտնի կարգախոսների ուղեկցությամբ:

Լրագրողների հետ զրուցում Սամսոն Խաչատրյանն ասաց ընդամենը մեկ նախադասություն. «Կարո՞ղ ա` ես հրաժարվեմ էդ բառից: Մեկ ա` թունիսիլ տենք` ամենաճիշտ տարբերակն ա: Կուզեք` Եգիպտոս չէ, կուզեք` Լիբիա չէ, Թունիսը ամենալավ տարբերակն ա, խաղաղ ճանապարհով», – ասել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ հայտնի բռնցքամարտիկին մեղադրում էին 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

Սամսոն Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը մարտի 15-ին: Նա ձերբակալվել էր մարտի 13-ին՝ կապված ընդդիմության մարտի 1-ին հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

Համաձայն ոստիկանության հաղորդագրության` մարտի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սամսոն Խաչատրյանը Երևանի Մաշտոց-Կորյուն փողոցների խաչմերուկում «չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել և հարվածել` մարմնական վնասվածք պատճառելով ոստիկաններից մեկին»:

Դեռևս մարտի 15-ի դատական նիստից հետո Խաչատրյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Սամսոն Խաչատրյանը խոսել է դատարանի դահլիճում և հայտարարել, որ ինքը որևէ ոստիկանի չի հարվածել: Մեղադրյալի խոսքով` նշված վայրում ինչ-որ անձնավորություններ կանանց ու երեխաներին հարվածներ էին հասցնում և վիրավորում, և ինքը փորձել էր կանխել այդ գործողությունները:

Դատարանը որոշել է 1 տարվա պայմանական ազատազրկման ենթարկել Խաչատրյանին: Վերջինիս փաստաբանը երեկ հայտարարել է, որ իրենց բողոքարկելու են դատարանի որոշումը:

Tekali Taxi