Home / Հայաստան / Դատ. Քոչարյանների ընտանիքը հրաժարվել է հաշտություն կնքել թերթի հետ

Դատ. Քոչարյանների ընտանիքը հրաժարվել է հաշտություն կնքել թերթի հետ

Առաջին ատյանի դատարանում չորեքշաբթի օրը կայացավ Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով դատաքննությունը:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ներկայացուցիչները դատարանում հրաժարվեցին հաշտություն կնքել օրաթերթի հետ` նշելով, որ «Ժամանակ»-ն առայսօր անբարեխիղճ վարքագիծ է դրսևորել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

«Մենք որևէ տեսակի հաշտության համաձայնության եզրեր այսօրվա դրությամբ չենք տեսնում», – դատարանում հայտարարել է Բելլա և Սեդրակ Քոչարյանների շահերի պաշտպանը:

Քոչարյանների ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ժամանակ» օրաթերթում անցած տարի սեպտեմբերին տեղ գտած 3 հրապարակումների կապակցությամբ: Թերթը, մասնավորապես, գրել է, թե նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանը կապ ունի դեղագործական բիզնեսի հետ, իսկ որդին` Սեդրակ Քոչարյանը, ադամանդի հանքեր ունի Հնդկաստանում:

Այսօր Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի ներկայացուցիչները պնդեցին, որ թերթում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը` պահանջելով, որ թերթը հերքի իրենց պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արտավորող տեղեկությունները, ինչպես նաեւ փոխհատուցի Քոչարյաններին հասցված 6 միլիոն դրամի չափով վնասը:

Մինչդեռ «Ժամանակ» օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանում չընդունեց թերթին ներկայացված մեղադրանքները` պատճառաբանելով, որ հրապարակումներում վիրավորանք և զրպարտություն չկա:

«Ժամանակ»-ի փաստաբանի համոզմամբ, եթե թերթը գրում է, որ Քոչարյանները ինչ-որ կապեր ունեն դեղագործական բիզնեսի հետ, դա ոչ զրպարտություն է, և ոչ էլ վիրավորանք:

Այդուհանդերձ, օրաթերթը պատրաստակամություն է հայտնել հերքում տպագրել, եթե Քոչարյանները հստակ ներկայացնեն, թե խնդրո առարկա հոդվածներում տեղ գտած կոնկրետ ո՞ր տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Սակայն Քոչարյանների ներկայացուցիչները այսօր վերջնականապես հայտարարեցին, որ հաշտության գնալ չեն ցանկանում:

Նիստը նախագահող դատավորն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատարանի վճիռը կհրապարակվի մայիսի 5-ին:

Tekali Taxi