Home / Հայաստան / Հայաստանի ատոմակայանի անվտանգության վրա ծախսվել է 120 միլիոն դոլար

Հայաստանի ատոմակայանի անվտանգության վրա ծախսվել է 120 միլիոն դոլար

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի ընդհանուր չափանիշներով համեմատել է Մեծամորի և Ճապոնիայի «Ֆուկուսիմայի» ատոմակայանները:

«Մեր ատոմակայանը երկու կոնտուրանի է, նրանցը մի կոնտուրանի էր: Եվ նրանց մոտ, երբ ճնշումը բարձրացավ, իրենց ռեակտորներում ստիպված եղան մեծ քանակությամբ ռադիոակտիվ գազը արտանետել շրջակա միջավայր: Մեր ատոմակայանում, եթե նման իրավիճակ լինի, մենք ոչ թե ռեակտորից պետք է արտանետենք ռադիոակտիվ գազ, այլ` շոգեգենարատորներից, որտեղ գտնվում է  մաքուր ջուր, ռադիոակտիվությունը բացակայում է»,- ասել է Աշոտ Մարտիորսյանը և հավելել, որ «Ֆուկուսիման»  դա եռացող տիպի ատոմակայան է, որը չի բավարարում ներկայիս պահանջներին:

Մարտիրոսյանի խոսքով` թեև  մեր ատոմակայանը հագեցված է ավելի շատ անվտանգության համակարգերով, բայց դա էլ դեռ բավարար չէ և դեռ լրացուցիչ միջոցառումներ պետք է իրականացնեն անվտանգությունը բարձրացնելու համար:

Փորձագետը նշել է, որ անվտանգության համակարգերի վրա` սկսած 1993 թվականից ընդահնուր առմամբ արդեն ծախսվել է 120 միլիոն դոլար և դեռևս 20 միլիոն դոլար էլ պետք է ծախսվի մինչև իրականացվեն այն բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են եղել ատոմակայանի անվտանգության բարձրացման ծրագրով:

Խոսելով նաև նոր էներգաբլոկի կառուցման մասին` Մարտիրոսյանն ասել է, որ դրա հետ կապված բոլոր խնդիրներն առայժմ սառեցված են, և իրենք սպասում են «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարի վերլուծության վերջնական եզրակացությանը, որից հետո հաբանավար կձեռնարկվեն միջոցներ ավելի խստացնելու ատոմակայանի նախագծային պահանջները:

«Որպեսզի նոր ատոմակայանը համապատասխանի այն պահանջներին, որոնք  կլինեն դրված միջազգային հանրության կողմից` հաշվի առնելով «Ֆուկուսիմայի» դասերը», – ասել է Մարտիրոսյանը:

Tekali Taxi