Home / Հայաստան / Դաժանաբար սպանված հայերի ընտանիքը ռուսական թերթից հերքում է պահանջում

Դաժանաբար սպանված հայերի ընտանիքը ռուսական թերթից հերքում է պահանջում

Թաթարստանում սպանված ՌԴ քաղաքացի Պատվական Պողոսյանի և Հայաստանի քաղաքացի Ասատրյանի հարազատները «Комсомольская правда» պարբերականի կողմից հրապարակված հոդվածի առնչությամբ հերքում են տարածել:

Նամակում ասված է, որ մահացածները ընկերներ չէին, ինչպես գրում է «КП»-ն, այլ հարազատներ: Ասատրյանը Պողոսյանի քրոջ ամուսինն էր: Երկուսն էլ ազգությամբ հայ էին, սակայն տարբեր երկրների քաղաքացիներ էին: Պատվական Պողոսյանը ՌԴ քաղաքացի էր և մշտական բնակություն ուներ Սոչիում (ներկայացված է անձնագրի պատճենը):

«Վստահելով Avto.ru կայքում հրապարակված տեղեկատվությանը Կազանում վաճառվող Toyota Land Cruiser Prado մեքենայի մասին, պայմանավորվելով գործարքի վերաբերյալ հայտարարություն տարածած անձանց հետ, սակայն չճանաչելով վերջիններին, Պողոսյանը և Ասատրյանը մարտի 25-ի երեկոյան մեկնել են Կազան` խոշոր չափի գումարով: Ինքնաթիռի վայրէջքից մի քանի րոպե անց կապը նրանց հետ ընդհատվել է»,- ասված է հերքման մեջ:

«КП»-ում ասված է, որ նրանք գործազուրկ են եղել, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Հղում կատարելով պարբերականին` մի շարք ԶԼՄ-ներ գրեթե նույնությամբ տեղադրել են տեղեկատվությունն իրենց կայքերում, իսկ Լոս Անջելեսի հայկական AMGA հեռուստաալիքը տեղեկատվությունը հաղորդել է եթերում:

Հարազատները գրում են, որ Ասատրյանի ծնողները ապրում են ԱՄՆ-ում, և իրենց «բարոյական վնաս է հասցվել նման ծանր պահին»:

Ընտանիքը տվյալ հոդվածի հերքում է պահանջում և հորդորում է միջադեպի մասին իրական տեղեկատվություն հաղորդել, ինչպես նաև միջոցառումներ ձեռնարկել նյութի հեղինակի նկատմամբ:

Բացի դրանից, նյութում նշվում է, որ տեքստի նկարում տուժածները չեն:

Լուսանկարը Epress.am-ին տրամադրել է Պողոսյանների ընտանիքը:

Tekali Taxi