Home / Հայաստան / Ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցումը. փորձագետ

Ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցումը. փորձագետ

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՀՀ ատոմակայանի անվտանգության մակարդակի մասին:

Նա նշել է, որ Ճապոնիայի «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո միջուկային հանրությունը` այդ թվում` Արևմտաեվրոպական երկրների միջուկային կարգավորող մարմինների միությունը, մշակել են նախագիծ, որով առաջարկվում է ԵՄ անդամ երկրներին իրականացնել թեստ` ատոմակայանների անվտանգության խորը վերլուծության համար: Հայաստանի ատոմակայանը  նույնպես կկիրառի այդ մեթոդը` ստուգելու մեր  ատոմակայանի անվտանգությունը ավելի խորացված ճանապարհով: Թեստն իր մեջ ներառում է արտաքին գործոնների ազդեցությունը` ցունամիներ, երկրաշարժեր և ջրհեղեղներ:

«Բնականաբար հայկական ատոմակայանի համար ակտուալ է երկրաշարժը, հնարավոր է նաև փոթորիկի վարկածը քննարկել: Մենք ատոմակայանի ղեկավարության հետ քննարկել ենք այդ հարցը, և արդեն սկսվել է ատոմակայանի անվտանգության խորը վերլուծությունը: Դա կտևի 3 ամիս, որից հետո ատոմակայանը կներկայացնի կատարած աշխատանքների արդյունքները»,- ասել է բանախոսը:

Վերջինս նաև նշել է, որ մայիսի 15-ից մինչև հունիսի 1-ը ՄԱԳԱՏԵ-ի փորձագիտական խումբը պետք է իրականացնի Մեծամորի ատոմակայանի շահագործման անվտանգության վիճակի դիտարկում, քննարկում, որի նպատակն է տեղում ստուգել` ինչպես է կազմակերպված ատոմակայանի շահագործման անվտանգությունը:

Ինչ վերաբերում է մեր հարևան հանրապետությունների հայտարարություններին` կապված հայաստնյան ատոմակայանի հետ, Մարտիրոսյանն ասել է, որ ոչ մի երկիր իրավունք չունի պահանջել, որպեսզի մյուս երկիրը դադարեցնի իր ատոմակայանի աշխատանքը:

Փորձագետը նաև նշել է, որ Մեծամորի ատոմակայանն աշխատում է համաձայն շահագործման աշխատակարգի:

Հիշեցնենք, որ, մասնավորապես, Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն կոչ էր արել միջազգային հանրությանը նպաստել Հայաստանի ԱԷԿ-ի գործունեության կասեցմանը:

Tekali Taxi