Home / Հայաստան / Վրաստանի խորհրդարանի որոշումը չի ազդի ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա. ՀՀ ՊՆ

Վրաստանի խորհրդարանի որոշումը չի ազդի ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը զերծ է մնացել Վրաստանի խորհրդարանի` Վրաստանի տարածքով ռուսական ռազմական բեռների ու անձնակազմի տարանցման պայմանագիրը չերկարացնելու վերաբերյալ որոշումը մեկնաբանելուց:

Պատասխանելով news.am լրատվական կայքի հարցին, թե արդյոք այդ որոշումը չի ազդի ՀՀ զինված ուժերի մարտունակության և ռազմական բեռների մատակարարումների վրա, Կարապետյանն ասել է.

«Այդ որոշումը չի հանգեցնի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության և որևէ կերպ չի կարող անդրադառնալ ՀՀ զինված ուժերի մարտունակությանը»:

Ռուսաստանցի առաջատար ռազմական փորձագետներից մեկը` Ալեքսանդր Գոլցը, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում մեկնաբանելով վրացական կողմի այս նախաձեռնությունը` ասել է. «Ակնհայտ է, որ այս քայլի նպատակը դեպի Գյումրիի ռազմակայան անձնակազմի և ռազմական տեխնիկայի տեղափոխումը դժվարացնելն է: Թույլ տվեք հիշեցնել, որ ռուսական բանակը զորակոչային հիմքի վրա է համալրվում: Դա նշանակում է, որ կես տարին մեկ Գյումրիում անձնակազմի փոփոխություն է տեղի ունենում: Երբ դա անհնարին է դառնում, ռազմակայանը լուրջ բարդությունների առջև է կանգնում»:

Նրա կարծիքով, սակայն, Ռուսաստանը մի շարք այլընտրանքային տարբերակներ ունի, որոնք թույլ կտան կազմակերպել ռազմակայանի անխափան մատակարարումը:

Tekali Taxi