Home / Հայաստան / «Հրապարակի» խմբագիրը չի հասկանում` ինչ հիմքով են իր օրաթերթին դատի տալու

«Հրապարակի» խմբագիրը չի հասկանում` ինչ հիմքով են իր օրաթերթին դատի տալու

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը չի հասկանում` ինչ հիմքով է «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ, զոհված զինվորի մայր Մարգարիտա Խաչատրյանը դիմելու դատարան: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում:

Նշենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը տեղեկացրել էր, որ երեկ առավոտյան Մարգարիտա Խաչատրյանը մի քանի մարդու հետ խմբագրություն է ներխուժել, հայհոյել լրագրողներին, հարձակվել խմբագրության աշխատակիցների վրա: Epress.am-ի հետ զրույցում Մարգարիտա Խաչատրյանն ասել էր, որ դատի է տալու օրաթերթին, որովհետև «այդ թերթը արատովորում է մեր` երկրին իրենց որդիներին տված մայրերի անունները, մեր սև զգեստը»:

Օհանյանի խոսքով` օրաթերթը տպել է այն լուրը, որն ունեցել է: Նա նաև հարցրել է Epress.am-ի լրագրողին` «ինչի՞ եք նրան տեղ տալիս ձեր կայքում»:

Ինչ վերաբերում է Խաչատրյանի` Epress.am-ի հետ զրույցում արված խոսքերին այն մասին, որ ինքը պահանջելու է բաց դատ անցկացնել, Օհանյանը նշել է. «Մարգարիտան չի պահանջում, դա օրենքն է պահանջում, որ բաց լինեն բոլոր դատավարությունները»:

Հիշեցնենք, որ Մարգարիտա Խաչատրյանի` «Հրապարակի» խմբագրություն  այցելության պատճառ է հանդիսացել օրաթերթի երեկվա համարում տպագրված լուրը, թե պարբերաբար ՀՀ զորամասեր ստուգայցեր կատարող Խաչատրյանը վերջերս ԼՂՀ զորամասերից մեկում վեճի է բռնվել զորամասի հրամանատարական կազմի հետ, և գործը նույնիսկ ծեծի է հասել:

Լուսանկարը` media.am

Tekali Taxi