Home / Հայաստան / Հայաստանում մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից. Օմբուդսմեն

Հայաստանում մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից. Օմբուդսմեն

Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից և այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից: Այս մասին ասված է ՀՀ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի` արդար դատաքննության իրավունքին անդրադարձում:

2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով Պաշտպանին հասցեագրված դիմումները կազմել են բողոքների ընդհանուր թվի շուրջ 40%-ը:

«Օրենքով իմ լիազորությունն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից, բացառությամբ դատարաններից: Առանձին դատավորների անարդարության, դատական իշխանության բարձրագույն ղեկավարության ակնհայտ թերացումների և դատական համակարգի անկատարության պայմաններում մարդիկ կորցնում են արդարության զգացումն ու, որպես դրա հետևանք, ծայրահեղ հիասթափվում պետական բոլոր ինստիտուտներից», – ասված է Օմբուդսմենի կայքում տեղադրված հաղորդագարության մեջ:

Ըստ Պաշտպանի` այսօր, օրենքով, դատավորի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է կամ վերադաս դատարանը կամ մեծամասամբ դատավորներից կազմված Արդարադատության խորհուրդը: Այսօր դատավորն անկախ չէ որպես անհատ, քանի որ կարող է ճնշման ենթարկվել դատական իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից:

«Իմ լիազորությունները դատական համակարգում չափազանց սահմանափակ են: Ես չեմ կարող միջամտել ոչ մի խնդրի, որը ենթակա է դատարանի կողմից քննության: Ես չեմ կարող նույնիսկ գնահատական տալ որևէ գործի, երբ այն գտնվում է դատարանի վարույթում: Արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համար 2011 թվականի հունվարից օրենքով ինձ տրվել է միայն մեկ լիազորություն, այն է` երբ  գործը դատարանում վերջնական ավարտվել է, և այլևս հնարավոր չէ որևէ կերպ ազդել մարդու տվյալ իրավունքի պաշտպանության վրա, Պաշտպանը կարող է Արդարադատության խորհրդին հաղորդել դատավորի կողմից թույլ տրված ապօրինության մասին, ինչի հետևանքով դատավորին կարող են ենթարկել պատասխանատվության, ընդհուպ մինչև՝ ազատել զբաղեցրած պաշտոնից», – նշել է Կարեն Անդրեասյանը:

Tekali Taxi