Home / Հայաստան / Ղարաբաղյան խնդրի արդար լուծումը պատերազմն է, կարծում է փորձագետը

Ղարաբաղյան խնդրի արդար լուծումը պատերազմն է, կարծում է փորձագետը

Ղարաբաղյան հակամարտության հարցում գոյություն ունի ներկայիս ստատուս-քվոն: Տարածքները վերահսկում են հայերը: Նրանք զինված են և հողերն իրենցն են համարում` չցանկանալով հեռանալ «գրաված տարածքներից»: Հայաստանի քաղաքական, ռազմական ղեկավարությունը ղարաբաղցիներ են: Պատկերացնել այնպիսի իրավիճակ, որ ներկայիս հայ քաղաքական վերնախավը կտրականապես կփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, կամ որ մոտ ժամանակներս Հայաստանում Ղարաբաղի հետ կապ չունեցող ղեկավարություն կլինի, գրեթե իրական չէ: Այս մասին Day.az-ի հետ զրույցում ասել է ռուսաստանցի փորձագետ Վիտալի Տրետյակովը:

Նրա խոսքով` հակամարտությունը շատ լավ հայտնի է աշխարհին և մի շարք տարածաշրջանային, համաշխարհային հզոր երկրների և ԵՄ-ի հետաքրքրության կենտրոնում է: «Այդ իսկ պատճառով Ադրբեջանը չի կարողանա ռազմական գործողություններ սկսել, եթե հավանություն և աջակցություն չստանա: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանն այս պահին ստանալ նման աջակցություն: Ռուսաստանին այս պահին պատերազմ պետք չէ: Չէ որ Մոսկվայում հասկանում են, որ, անկախ իրենց ցանկությունից, ներքաշվելու են կոնֆլիկտի մեջ: Դժվար է նաև ենթադրել, որ ԱՄՆ-ն իր հավանությունը կտա»:

Ըստ Տրետյակովի` այս հարցի լուծման ամենատհաճ, սակայն պատմականորեն արդար տարբերակը պատերազմն է, «Իմ տարբերակը ցինիկ է, դաժան, սակայն դա խնդրի լուծումն է, որից հետո այն մի քանի տարով, եթե ոչ ընդմիշտ, կդադարի այդպիսին լինել: Բայց անգամ այս ցինիկ մոտեցումը տվյալ պահին անիրական է:

Եթե մի ժամանակ կարելի էր ենթադրել, որ Ղարաբաղը գտնվում է Եվրոպայի ծայրամասում, և այն, ինչ կատարվում է այնտեղ, աշխարհում ոչ ոք չի տեսնի և չի իմանա, ապա ներկայումս ամեն ինչ փոխվել է: Կան գլոբալ խաղացողներ, որոնք ճնշելու են կողմերին, միջամտելու են, այսինքն լավագույն դեպքում կարող են բաժանել հակամարտող կողմերին, բայց ոչ երբեք լուծել խնդիրը: Այսինքն այս երկրները թույլ չեն տա կողմերին ինքնուրույն լուծել իրենց խնդիրները»:

Tekali Taxi