Home / Հայաստան / Քեմալիստներ, ոստիկաններ, ծայրահեղականներ. Ստամբուլում հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը (ՖՈՏՈ)

Քեմալիստներ, ոստիկաններ, ծայրահեղականներ. Ստամբուլում հարգեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը (ՖՈՏՈ)

Այսօր Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում Թուրքիայում գործող ձախ շարժումների ներկայացուցիչները, Ստամբուլի հայերը, ինչպես նաև առանձին անհատներ  հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Հայոց  Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը Ստամբուլից, հրապարակում մոտ հազար մարդ էր հավաքվել. նրանց թվում էին տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ հայեր, թուրքեր, քրդեր, հույներ:

Ներկաներից յուրաքանչյուրը ձեռքին մեկական կարմիր մեխակ էր բռնել, նրանք  ծնկաչոք էին, շատերը աղոթում էին, հնչում էր Կոմիտասի երաժշտությունը, նրանք մեծ պաստառ էին բացել, որի վրա գրված էր՝ Այս ցավը բոլորիս ցավն է:

Գրեթե միևնույն ժամանակ հավաքվածների դիմացը թուրք քեմալականները հակահայկական ցույց էին կազմակերպել, հավաքվածների թիվը մոտ երկու հարյուր մարդ էր կազմում:

Ոստիկանները պատ կազմած կանգնել էին երկու խմբերի միջև, որպեսզի որևէ միջադեպ, բախում տեղի չունենա: Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգողները շատ ավելի հանգիստ և խաղաղ էին անցկացնում իրենց միջոցառումը, քեմալականները բավական ագրեսիվ էին:

Թաքսիմ հրապարակից մի փոքր ներքև մեկ այլ խումբ` մոտ հարյուր հոգի՝ թուրք ծայրահեղականներ, ավելի ագրեսիվ կոչերով քայլերթ էին կազմակերպել:

Նրանք թուրքական և ադրբեջանական դրոշներով և պաստառներով վանկարկում էին` «թուրքական դրոշը պիտի տանենք Հայաստան», «Ղարաբաղը ադրբեջանական է», և քայլում էին դեպի Թաքսիմ հրապարակ: Ծայրահեղականներին ուղեկցում էին 200-ից ավելի ոստիակններ` հասարակական կարգը պահպանելու և բախումներից զերծ պահելու նպատակով: Ստամբուլի ժամանակով մինչև 18:00 բախումներ չգրանցվեցին և միջոցառումների մանսակիցները սկսեցին կամաց-կամաց ցրվել:

Tekali Taxi