Home / Հայաստան / ՀՀ օմբուդսմենը պատրաստ է միջնորդ դառնալ ՀԱԿ-ի և իշխող կոալիցիայի միջև

ՀՀ օմբուդսմենը պատրաստ է միջնորդ դառնալ ՀԱԿ-ի և իշխող կոալիցիայի միջև

Թե´ քաղաքական, թե´ իրավական և թե´ զուտ մարդկային իմաստով չափազանց բարդ է անդրադառնալ 2008-ի մարտի իրադարձություններին և դրանց հետևանքներին:  Անցած երեք տարիներին բազմաթիվ կարծիքներ և գնահատականներ են հնչել այս կապակցությամբ, իսկ հասարակության մեջ տեսակետներն այս խնդրի վերաբերյալ դեռևս չափազանց հակասական են: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի այսօր տարածած հայտարարության մեջ:

«Անհատական գործերով իրավունքների պաշտպանություն իրականացնելիս` ես պարտավոր եմ առաջնորդվել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով, որն ինձ արգելում է միջամտել դատաքննությանը, տալ գնահատականներ դատարանի կողմից կայացված վճիռներին, ինչպես նաև մեկ տարվա վաղեմության ժամկետ է նախատեսում իմ կողմից վարույթ ընդունվող և քննվող գործերի համար: Հետևաբար, 2008 թվականի մարտի իրադարձությունների հետևանք հանդիսացող անհատական գործերով իրավունքների խախտման դեպքերին իրավական պաշտպանության իմ լիազորությունները Հայաստանի օրենսդրությամբ խիստ սահմանափակ են կամ գրեթե չկան», – նշում է Անդրեասյանը:

Նրա խոսքով` նման իրավիճակում օմբուդսմենը կարող է իրացնել իր դիտորդական առաքելությունը, ինչպես անում է այլ իրավիճակներում տարբեր իրավունքների պաշտպանության մակարդակն ուսումնասիրելիս և գնահատելիս:

«Սակայն նշված իրադարձությունների և դրանց հետևանքների վերաբերյալ դիտորդական նման առաքելություն իրականացնում են մի շարք տեղական ու միջազգային հաստատություններ, որոնց զուգահեռ իմ դիտորդական գործառույթն իրականացնելն ինձ թվում է անհրաժեշտ, բայց ոչ բավարար: Կարևորելով մարդու իրավունքների ոտնահարման կանխարգելումը հնարավոր ներքաղաքական լարված իրավիճակներում, ինչպես նաև անկեղծ հավատալով, որ մեր հասարակության զարգացման և պետության հզորացման համար իսկապես անհրաժեշտ է քաղաքական ուժերի երկխոսություն և առողջ համագործակցություն՝ ես ցանկանում եմ հանդես գալ Հայ ազգային կոնգրեսի և խորհրդարանական իշխող կոալիցիայի միջև ՄԻՋՆՈՐԴ դառնալու առաջարկությամբ», – հայտարարել է Կարեն Անդրեասյանը:

Անդրեասյանի խոսքով` նախկինում նույնպես փորձեր են արվել մերձեցնել հակասական դիրքորոշումները և հակադիր կողմերին բերել երկխոսության: Տարբեր օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կազմակերպություններ պարբերաբար փորձել են ստանձնել թե´ միջնորդի և թե´ դիտորդի դեր, սակայն հանդուրժողականության և վստահության մթնոլորտ դեռևս ձևավորված չէ:

«Որպես Հայաստանի Հանրապետության օմբուդսմեն, այսինքն՝ սահմանադրական միջնորդ, ես իմ կողմից առաջարկվող այս առաքելության տեսանկյունից ունեմ մի քանի առավելություն: Նախևառաջ, ես կողմերի հայրենակիցն եմ, ավելին` միջնորդի գործառույթն ինձ տրված է ՀՀ Սահմանադրությամբ: Բացի այդ, իմ տևական իրավաբանական գործունեության ընթացքում հաճախ եմ հաշտեցրել ծայրահեղ հակասական դիրքորոշումներ, և վերջապես՝ ես նոր եմ քաղաքական գործընթացներում ու բավական երիտասարդ, որպեսզի անկեղծ հավատամ, որ եղբայրասիրության ու համերաշխության գաղափարները չեն վերացել մեր ոչ մի քաղաքական ուժի գաղափարախոսությունից, և որ անհնարը հնարավոր են դարձնում երիտասարդ իդեալիստները, մասնագետ պրագմատիկները և մարդասերները:

Գիտեմ, որ որպես միջնորդ հանդես գալու իմ այս նախաձեռնությունը հնարավոր է քննադատեն տարբեր ճամբարներից, կխոսեն դրա անկարելիության մասին, վերջում էլ կհեգնեն, ինչպես մեր օրերում շատերը ծաղրում և հեգնում են գրեթե բոլորին: Այդուհանդերձ, ես վստահ եմ, որ մեր ընդդիմության և մեր իշխանության մեջ կան հայրենասեր, ինտելեկտուալ, պետական մտածողությամբ, քրիստոնեական եղբայրասիրությանը հավատարիմ գործիչներ, որոնց համար կառուցողական քաղաքական երկխոսության և ազգային համերաշխության ամեն մի հնարավորություն չափազանց կարևոր է: Դրական արձագանքի ակնկալիքով և կոնկրետ քայլեր նախաձեռնելու վճռականությամբ՝ ես այս շաբաթ իմ առաջարկը գրավոր կուղարկեմ խորհրդարանական իշխող կոալիցիային և Հայ ազգային կոնգրեսին», – նշում է Անդրեասյանը:

Tekali Taxi