Home / Հայաստան / «Ես համաձայն չեմ քեզ հետ, բայց…». Փաշինյանի պատասխանն «Առավոտին»

«Ես համաձայն չեմ քեզ հետ, բայց…». Փաշինյանի պատասխանն «Առավոտին»

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի նամակին, որն ուղղվել է իրեն ԶԼՄ-ների ակցիայի շրջանակներում: Ակցիայի նպատակն է թույլ չտալ, որպեսզի քաղբանտարկյալի նամակագրության իրավունքը խոչընդոտվի:

Նամակը հրապարակել է «Առավոտ» օրաթերթը.

«Սիրելի Արամ, ուրախ եմ, որ քեզ գրելու առիթ ընձեռվեց: Գիտեմ, որ լավ ես, որովհետև «ԳԱԼԱ»-ով տեսնում եմ քեզ` «Հետգրություն» ծրագրի շրջանակներում: Բնականաբար` «Առավոտին» էլ եմ հետևում: Ու չնայած երբեք էլ տպագիր մամուլի դերը չեմ թերագնահատել, այստեղ նրա կարևորությունն էլ ավելի է ընդգծվում: Կարելի է ռադիո չլսել, հեռուստացույց չդիտել, բայց մամուլին հետևելով` ամբողջությամբ տեղեկացված լինել: Այսօրվա Հայաստանում հակառակը, սակայն, հնարավոր չէ: Ամբողջական տեղեկացվածության կարելի է հասնել միայն տպագիր մամուլին հետևելով: Եվ այս իմաստով թերթերը, կարծես, լրացնում են մեկը մյուսին:

Հիմա ես ստանում եմ «Առավոտ», «ՉԻ», «168 ժամ», «Հրապարակ», «Ժամանակ», «ՀԺ», և այդ թերթերը սկսել եմ ընկալել որպես մեկ ամբողջություն: Հայաստանում գործող ոչ մի թերթ առանձին վերցրած չի կարող ապահովել տեղեկատվության այդպիսի բազմազանություն, բայց նշված թերթերը` միասին վերցրած, իրագործում են այդ նպատակը` առանց որևէ պայմանավորվածության մեկը մյուսին լրացնելով: TV-ներ ոլորտում այդպես չէ. նրանք կրկնում են մեկը մյուսին, ավելի ճիշտ` կապկում են «Հայլուրին»: Իհարկե, տվյալ դեպքում «ԳԱԼԱ»-ին նկատի չունեմ, բայց, ցավոք, նրա սփռումը շատ սահմանափակ է:

Ես գիտեմ, որ իմ ասածների և արածների մեջ շատ բան ընդունելի չէ քեզ համար: Մի շարք հարցերում ես էլ համաձայն չեմ քեզ հետ: Բայց ո՞վ է ասել, որ դա վատ է, ո՞վ է ասել, որ այդպես չպետք է լինի: Չէ՞ որ մեր ուզածն էլ հենց դա է, որ յուրաքանչյուրն ունենա համաձայն չլինելու արտոնություն: Երևի տափակ կհնչի չէ՞, դասականի խոսքի մեջբերումը, թե` ես համաձայն չեմ քեզ հետ, բայց պատրաստ եմ մեռնել կարծիք ունենալու քո իրավունքի համար:

Լավագույն մաղթանքներս:

Նիկոլ Փաշինյան

Tekali Taxi