2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Թուրքիան առանցքային դեր ունի Ղարաբաղի հարցում, համոզված է ռուսաստանցի փորձագետը

Թուրքիան առանցքային դերակատարություն ունի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում, հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի  քաղաքականության տեսության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր` Վլադիմիր Գուտորովը:


Վերջինս Երևան է ժամանել «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացման վրա և այդ ամենի արտացոլումը ԶԼՄ-ներում» թեմայով միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:


«Թուրքիան մեկընդմիշտ հայտարարել է, որ սատարելու է Ադրբեջանին և որ ցանկալի է հակամարտության կարգավորման հասնել խաղաղ ճանապարհով:

Այստեղ բացարձակ ակնհայտ հակասություններ կան. սա որոշակի առումով քաղաքական փակուղի է, և այդ փակուղուց երկու երկրներն էլ դուրս չեն գա առանց միջազգային կազմակերպությունների աջակցության: Այս մասին վկայում են  Եվրախորհրդարանի անդամների պարբերական այցելությունները, և, ի դեպ, Եվրախորհրդի կարծիքը Թուրքիայի օգտին չէ»,- նշել է Գուտորովը:


Հարցին` արդյոք ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի հայ-թուրքական հարաբերություններից անկախ, փորձագետը նշել է. «Միայն մեկ փաթեթում և համալիր մոտեցմամբ, այլ որոշումը անհնար է: Հաշվի առնելով նաև ադրբեջանական կողմի կարծիքը»:


Այս հակամարտությունները, ըստ ռուսաստանցի պրոֆեսորի, պետք է միաժամանակ լուծվեն, «բայց այդպես երբեք չի լինում»:


Զրուցել է Վահան Եղիազարյանը

Լուսանկարը` ansar.ru-ի