Home / Հայաստան / Միջազգային կազմակերպությունը մտահոգված է հայաստանյան ԶԼՄ-ների դեմ դատական հայցերով

Միջազգային կազմակերպությունը մտահոգված է հայաստանյան ԶԼՄ-ների դեմ դատական հայցերով

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր  մտահոգությունն է հայտնել հայկական օրաթերթերի դեմ դատական հայցերի քանակի կտրուկ աճի կապակցությամբ: Նման քայլերը, նշում են կազմակերպության ներկայացուցիչները, վտանգում են օրաթերթերի գոյությունը և ինքնագրաքննության համար բարենպաստ մթնոլորտ են ստեղծում:

Կազմակերպության հայտարարության մեջ նշված է, որ միայն 2011 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12 նման գործողություն է իրականացվել օրաթերթերի դեմ: Հիմնական թիրախն անկախ լրատավմիջոցներն են: Մասնավորապես, կազմակերպությունը նշում է «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» թերթերը:

Որպես օրինակ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է նաև «Հետք» կայքի դեմ կայացրած որոշումը, համաձայն որի «Հետքին» պարտավորեցրել են 450,000 դրամ վճարել Իջևանի քաղաքապետարանին այդ կառույցի մասին հոդվածների շարքի համար, ինչպես նաև հերքում տպել:

«Հետքը» նշում է, որ պատրաստ է բողոքարկել հայկական դատարանների վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Լրատվամիջոցների նկատմամբ հաճախակի դատական հայցեր ներկայացնողների թվում հայտարարության հեղինակները նշում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը նշում է, որ դատարանները հաճախ անում են այն, ինչ ցանկանում են հայցվորները, ինչպես նաև ստիպում են լրատվամիջոցներին չափից ավելի մեծ գումարներ վճարել` փաստաբանների ծառայությունները փոխհատուցելու համար:

Կազմակերպությունը նշում է, որ ուշադիր հետևում է բոլոր դատական գործերի ընթացքին:

Tekali Taxi