Home / Հայաստան / Ակտիվիստների նստացույց անելու կոչին հարյուրավոր մարդիկ են միացել

Ակտիվիստների նստացույց անելու կոչին հարյուրավոր մարդիկ են միացել

Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Ես միանում եմ Լևոն Զուրաբյանի նստացույցին» էջին արդեն անդամագրվել են մոտ 420 մարդ, իսկ ոչ ֆեյսբուքյան ֆորմատով` հեռախոսազանգով, ակցիային միացել է մոտ 200 մարդ:

Այդ ֆեյսբուքյան էջը ստեղծել են Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստները, և հաղորդագրություն տարածել, ըստ որի, «եթե մինչև մայիսի 31-ը, ժամը 18:00-ն Հայաստանի բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալները ազատ չարձակվեն և Ազատության հրապարակի հարթակից չողջունեն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին, այդ պահից սկսած՝ նույն Ազատության հրապարակում հայտարարելու ենք անժամկետ նստացույց»:

Էջի ստեղծումից մի քանի օր հետո ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը (լուսանկարում) հարցազրույց է տվել «Չորրորդ իշխանություն» օրաթերթին և կոչ արել մարդկանց զանգահարել իր հեռախոսահամարին, եթե ցանկանում են միանալ մայիսի 31-ի նստացույցին:

Epress.am-ի հետ զրույցում Արեգ Գևորգյանն ասել է, որ մարդիկ շատ ակտիվ են արձագանքում այդ կոչին և միանում նստացույցին:

«Ամեն րոպե նստացույցին մասնակցել ցանկացող մարդկանց թիվն աճում է և Facebook-ում և զանգերի միջոցով»,- ասել է Արեգ Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքից և երթից հետո, երբ մի քանի տասնյակ մարդիկ չէին ցանկանում հեռանալ Ազատության հրապարակից, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ եթե բոլոր քաղբանտարկյալները մինչ մայիսի 31-ը ազատ չարձակվեն, ինքն էլ է միանալու ժողովրդի պահանջած նստացուցին:

Tekali Taxi