Home / Հայաստան / Բարեգործական հիմնադրամի բացմանը ներկա էին արտասահմանցի դիվանագետները, բայց ոչ հայաստանցի պաշտոնյաները

Բարեգործական հիմնադրամի բացմանը ներկա էին արտասահմանցի դիվանագետները, բայց ոչ հայաստանցի պաշտոնյաները

Մայիսի 3-ին մեկնարկել է «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամի բացմանը նվիրված ցուցահանդես-վաճառքը, որն ընթանում է Գեղարվեստի Ազգային Կենտրոնի Մանկական Պատկերասրահում: Երեք օր տևողություն ունեցող ցուցահանդեսին ներկայացված են Գեղագիտության ազգային կենտրոնի կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ստուդիա-քոլեջի սաների աշխատանքները: Ամբողջ հասույթը կտրամադրվի «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամին:

Նշենք, որ «ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է երկրում քաղցկեղ ունեցող կանանց բուժման համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել բուժման կարիք ունեցողներին:

Թեև ցուցահանդեսին մասնակցելու հրավեր էին ստացել ինչպես արտասահմանյան դիվանագետներ, այնպես էլ տեղի պետական պաշտոնյաներ, հարկ է նշել, որ տեղի կառավարական պաշտոնյաներից ոչ ոք չէր արձագանքել հրավերին:

Ցուցահանդեսի 50-ից ավել հյուրերի թվում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը: Epress.am-ի այն հարցին` արդյոք նախքան հրավեր ստանալը նրանք տեղյակ էին հիմնադրամի գոյության մասին, երկու դիվանագետներն էլ բացասական պատասխան են տվել: Իսկ Յովանովիչը նշել է նաև, որ հիմնադրամի կողմից բարձրացվող հարցը «ողջ աշխարհով մեկ տարածված սարսափելի խնդիր է»:

Լոնսդեյլի խոսքով` ինքն այս խնդրի մասին տեղեկացել է հիմնադրամի շնորհիվ, և հավելել, որ, դժբախտաբար, ֆինանսական աջակցության բացակայությունը միայն քաղցկեղի դեպքում չէ, որ առկա է: «Ցավոք սրտի, կրծքագեղձի քաղցկեղը միակ հիվանդությունը չէ, որը մեծ ֆինանսների հետ է կապված, ներկայումս բազմաթիվ հիվանդություններ կան, որոնց բուժման համար հիմնդրամներ չկան և գումարներ չեն հատկացվում», – ասել է Լոնսդեյլը:

Դեսպանը նաև նշել է, որ սա խնդրի լուծում չէ: «Կարծում եմ, հետագայում պետք է երկարաժամկետ առողջական ապահովագրության հեռանկարներ ստեղծել»,-ասել է նա:

Այն հարցին, թե արդյոք Բրիտանիայի դեսպանատունը որևէ աջակցություն ցուցաբերում է Հայաստանում առկա առողջապահական խնդիրներին, Լոնսդեյլն ասել է. «Մենք հումանիտար հարցերով զբաղվող ոլորտ չունենք: DFID-ն, որը մեր միջազգային օգնության գործակալությունն է, մինչ 2008 թվականի ավարտն այստեղ էր, սակայն անգամ այն ժամանակ նրանք կենտրոնանում էին հասարակական և համակարգային խնդիրների վրա ավելի շատ, քան հումանիտար հարցերի»:

Նշենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև մայիսի 5-ը:

Tekali Taxi