Home / Հայաստան / Մայիսի 31-ին նստացույցի կարիք չի լինի, կարծում է Զուրաբյանը

Մայիսի 31-ին նստացույցի կարիք չի լինի, կարծում է Զուրաբյանը

Այս իշխանությունների հետ բանակցություններ կարող են լինել միայն քաղբանտարկյալների ազատումից հետո: Երբ տեսնենք, որ մեր հիմնական պահանջները  բավարարված են, պատրաստ կլինենք բանակցել իշխանությունների հետ արտահերթ ընտրությունների օրակարգով: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով` բանակցությունները կլինեն հետևյալ կերպ. երկու կողմերից կնշանակվեն պատվիրակներ, որոնք կհանդիպեն և կբանակցեն արտահերթ ընտրությունների արդարությունն ու օրինականությունը ապահովելու պահանջի մասին: Սակայն եթե իրենք նկատեն, որ դա իշխանությունների կողմից բանակցությունների իմիտացիա է և դրանով փորձ է արվում ժամանակ շահել և ձգձգել պահանջի կատարումը, ապա, Զուրաբյանի խոսքով, ՀԱԿ-ը ստիպված կլինի դիմել ժողովրդի ուժին:

Խոսելով վերջերս շրջանառվող այն մտքի մասին, որ վերջին հանրահավաքից հետո ժողովրդի մոտ հիասթափություն է նկատվում, Զուրաբյանն ասել է, որ այդ օրը նստացույց պահանջող մարդկանց ինքը բացատրեց,  թե ինչու պետք չէ նստացույցի նստել:

«Բավական դժվար էր, բայց ես նրանց բերեցի մի արգումենտ, որ հիմա մենք մտել ենք մի քաղաքական գործընթացի մեջ, որ բոլոր քաղբանտարկյալները ազատվելու են մայիսի 28-ին: Իսկ եթե ամսի 31-ի հանրահավքին Նիկոլ Փաշինյանը և Սասուն Միքայելյանը հանրահավաքին ելույթ չունենան, ես կնստեմ նստացույցի»,- ասել է Լևոն Զուրաբյանն ու հավելել, որ, իր կարծիքով, այդ օրը նստացուցյի կարիք չի լինի, քանի որ իշխանությունները հրապարակային խոստում են տվել, որ կատարելու են այդ պահանջը, և այս պայմաններում իրենք չեն ցանակնում սրել իրավիճակը:

Լրագրողի հարցին` հավատում է արդյոք Կոնգրեսը հաղթանակի, Զուրաբյանը պատասխանել է. «Գիտե՞ք որևէ  շախմատիստի, որ իր հաղթանակին չի հավատում: Մենք դիմացել ենք և գնդակներին, և ոստիկանական դուբինկաներին, և բանտերին, և խոշտանգումներին: Բռնապետության բոլոր հարվածներին մենք դիմացել ենք շնորհիվ մի բանի` մեր հավատի: Խնդրում եմ` մեր հավատը կասկածի տակ մի առեք»:

Զուրաբյանի խոսքով` մինչև հիմա իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ չեն եղել միայն մեկ պատճառով.  չկար ռեժիմի հավաստիացումը, որ չեն կրակի ժողովրդի վրա, իսկ հիմա, ըստ ՀԱԿ համակարգողի,  իրավիճակը փոխվել է, և ռեժիմը առաջին  անգամ ցույց է տվել քաղաքական լուծումներ գտնելու պատրաստակամություն:

Tekali Taxi