Մենք այսօր արձանագրում ենք, որ ժողովուրդը հիասթափված է, որովհետև ժողովրդին խաբել են բոլորը` բացի Տիգրան Կարապետյանից:
Այսօր այս մասին ասել է Մատենադարնի հարակից տարածքում հանրահավաք հրավիրած Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
«Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որ ժողովուրդը չի հասկանում, որ երկիրն իրանն ա, հողն ու փողն իրանն ա: Դուք թույլ եք տալիս, որ ձեզ թալանեն, բարձրահարկ շենքեր կառուցեն: Մենք ստրուկ ենք, իսկ այն առաջանորդը, որ մեզ ազատություն է խոստանում, տեսնում է, որ ժողովուրդն իր լավն ու վատը չգիտի, հոգնում է` իրենք էլ են վաճառվում: Ինչո՞ւ, այս կյանքին ե՞ք դուք արժանի: Այն մարդը, որ բարեգործություն ա անում, որը պատրաստ ա Դանկոյի պես սիրտը ձեզ նվիրի, դուք չեք գնահատում: Թալանողներին, լափողներին, տանողներին, խաբողներին գնահատում եք, կամ վախում եք: Ինչքա՞ն կարող եք վախենալ: Բա մենք արժանի՞ էինք այս նվազ մարդկանց թվին: Ձեզ էնքան խաբեցին, էնքան ստեցին, որ դուք էլ չգիտեք` ինչ եք անում: Էս կյանքին ե՞ք դուք արժանի: Հազարավոր մարդիկ են զանգահաում մեզ, խոստումներ են տալիս, ասում են` Կարապետյան, դու կլինե՞ս վճռական: Գալի՞ս եք, որ վճռական լինենք, սատարո՞ւմ եք, որ ձեզ հետևենք, մեր կյանքը դնում ենք ձեզ համար, բա դուք արժանի՞ եք, որ մեր կյանքը դնենք: Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ մենք ապագա չունենք, մեր ապագան ուրիշ ձեռքերում ա, և այդ ձեռքերը և արնոտ են, և աղտոտ են, և ազնիվ չեն»,- իր ելույթում մոտ 300 հարյուր հավաքված մարդկանց վրա հարցերի տարափ է տեղացել Տիգրան Կարապետյանը:
Հանրահավաքից հետո Կարապետյանը զրուցել է լրագրողների հետ, և հայտարարել, որ «բոլորը խաբել են ժողովրդին, այդ իսկ պատճառով մարդկանց թիվը քիչ էր»:
«Հիասթափված են այնպիսի գործիչներից, որոնք ասում են թաթար-մոնղոլ, որոնք ասում են 30 օրից քշելու ենք ղարաբաղցիներին ստեղից, բայց չեն քշում»,- ասել է նա:
Epress.am-ի այն հարցին, թե ինչ քայլեր է պատրաստվում հետագայում ձեռնարկել Կարապետյանը, վերջինս ասել է.
«Մենք կտեղեկացնենք, համենայն դեպս հայրենասիրական ուժերի դաշինք ենք ստեղծելու»:
Ի դեպ, երբ Կարապետյանն արդեն իր մեքենայում էր և պատրաստվում էր հեռանալ, ոստիկանության ՊՊԾ գնդի պետ Վալերի Օսիպյանը կանգնեցրեց մեքենան և վերջինիս հարցրեց, թե որքան մարդ կար հանրահավաքում: Կարապետյանը պատասխանեց.
«Մոտ 800, 800-ից 1000 էլի»:
Անմիջապես դրանից հետո Epress.am-ի լրագրողը հարց ուղղեց Օսիպյանին հանրահավաքի մասնակիցների թվի մասին: Օսիպյանն ասած, որ հանրահավաքին մասնակցում էր 800-1000 մարդ: