Home / Հայաստան / «Եթե հերոսը սկսում է հարստանալ…». ՀԱԿ-ն այցելեց հաղթանակի այգի և Եռաբլուր

«Եթե հերոսը սկսում է հարստանալ…». ՀԱԿ-ն այցելեց հաղթանակի այգի և Եռաբլուր

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները` ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, այցելել են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու 2-րդ աշխարհամարտի և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Կոնգրեսի առաջնորդները ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ և Եռաբլուրի զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ:

Այցերի ընթացքում ՀՀ առաջին նախագահը զրուցում էր և շնորհավորում իրեն մոտեցող վետերաններին:

Եռաբլուրում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, զրուցելով լրագրողների հետ, նշել է, որ երկու հաղթանակների միավորումը շատ գեղեցիկ է ստացվել պատմական  խորհրդավորության մեջ, քանզի մտավախություն կար, որ Երկրորդ համաշխարհայինի հաղթանակը տարիների հետ մի քիչ կարող էր ստվերվել:

«Սակայն երկուսը միավորվեցին, դարձան արժանապատվության օր, հերոսի օր, հաղթանակի օր: Էսպես ասացվածքի նման մի բան կա` ուրախությունն է ուրախություն բերում, հաղթանակն է հաղթանակ բերում: Ես ուզում եմ շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքով, իրենց մտածողությամբ, իրենց ապրելաձևով հաղթանակ են կերտել և հայ ժողովրդի արժանապատվության  դաշտն են ստեղծում: Փառք Աստծո, այսօր այդ մարդիկ կան, ապրում են մեր կողքին, իրենց արժանապատվությամբ, իրենց կեցվածքով, իրենց քաղաքացիական դիրքորոշումով, հայ ժողովրդին արժանպատվության դասեր են տալիս»,- ասել է Արամ Մանուկյանը:

Խոսելով Շուշիի հաղթանակի մասին` Արամ Մանուկյանը նշել է, որ այն որոշ չափով նսեմացվեց:

Նա կարծիք է հայտնել, որ այն հերոսները, ովքեր պետք է դասագրքային դառնային, հանկարծ սկսեցին հարստանալ, և մի մասը հանկարծ մոռացավ ինքն իրեն, իրենց ով լինելը, մոռացան այն հազարավոր արժանապատիվ տղաների արժանապատիվ կեցվածքը, թափած արյունը, որի արդյուքնում հաղթանակները կերտվեցին:

«Եթե քո հերոսը սկսում է ապրել իր անձնականով, սկսում է հարստանալ կամ պաշտոնի ձգտել, խեղճացնում ես քո հաղթանակը, անշուշտ կա էդ: Բայց չեմ ուզում այսօր շեշտադրումը դդրա վրա դնել: Ես ուզում եմ հիշել բոլոր այն տղերքին, որոնց ուսերի վրա հաղթանակը եկել է, և այն ժողովրդին, որի թիկունքում  վստահելի լինելու հաշվին հաղթանակը կերտվեց: Մեր ժողովուրդը թիկունքն էր պահում, հույս ու հավատն էր պահում, նրա զավակները հաղթանակն էին ապահովում, և քաղաքական ուժն էլ ապահովում էր դրա հաջողությունը կամ դիվանագիտական ամրությունը: Այդ առումով պատմության մեջ կմնա մայիսի 9-ը, Շուշին, որպես արժանապտիվ օր, իսկապես միասնական հաղթանակի օր»,- հավելել է ՀՀՇ վարչության նախագահը:

Tekali Taxi