Գլխավոր / Հայաստան / Էլինա Դանիելյանը` Եվրոպայի առաջնության առաջատարների թվում

Էլինա Դանիելյանը` Եվրոպայի առաջնության առաջատարների թվում

Երեկ Թբիլիսիում անցնող Եվրոպայի կանանց շախմատի առաջնության 3-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց վրաստանցի վարպետ Նինո Խուրցիձեին: Այս պահին Դանիելյանը ռուսաստանցի Նադեժդա Կոսինցևայի, լիտվացի Վիկտորյա Կմիլիտեի և վրաստանցի Բելա Խոտենաշվիլիի հետ 3 միավորով բաժանում է 1-ից 4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Դանիելյանը երկրորդն է` զիջելով միայն Կոսինցևային:

3-րդ տուրում միմյանց հանդիպել էին հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը, որոնք կիսեցին միավորը: Այժմ երկուսն էլ 2,5 միավոր են վաստակել. Մկրտչյանը` 9-րդն է, իսկ Գալոյանը` 16-րդը:

Փոքր ինչ շտկեց իր վիճակը Աննա Հայրապետյանը` հաղթելով ռուսաստանցի Զոյա Սեվերյուխինային: Այժմ Հայրապետյանը 2 միավորով գտնվում է 22-րդ տեղում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներն առայժմ ավելի անհաջող են հանդես գալիս: Նելլի Աղինյանը երեկ պարտվեց ադրբեջանուհի Սաբինա Իբրահիմովային, Անահիտ Խառատյանը` վրացուհի Մերի Արաբիձեին, Լիա Մարտիրոսյանը` ուկրաինուհի Նատալյա Ժուկովային:

Մրցաշարում իր առաջին միավորը վաստակեց Մարիա Գևորգյանը` պարտության մատնելով Վրաստանի ներկայացուցիչ Լիզի Թրափաիձեին, իսկ ահա Սիրանույշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց վրացուհի Մերի Ժորժոլիանիի հետ: Նշենք, որ վերոնշյալ բոլոր շախմատիստուհիներն առայժմ լավագույն հիսնյակից դուրս են գտնվում:

Այսօր Էլինա Դանիելյանը սևերով կխաղա Բելա Խոտենաշվիլիի, Լիլիթ Մկրտչյանը` նույնպես սևերով ռուսաստանցի Անաստասիա Սավինայի, իսկ Լիլիթ Գալոյանը սպիտակներով ուկրաինուհի Աննա Ուշենինայի դեմ: