Home / Հայաստան / «Պետք է միկրոֆոնը բերանի մոտ ամրացնեին». Երևանի փողոցներում քննարկում են Էմմիին

«Պետք է միկրոֆոնը բերանի մոտ ամրացնեին». Երևանի փողոցներում քննարկում են Էմմիին

Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ Եվրատեսիլ-2011-ում Հայաստանը ներկայացնող Էմմին չի անցել եզրափակիչ փուլ:

Այդ փաստը բուռն քննարկումների առիթ է դարձել  թե սոցիալական ցանցերում և ֆորումներում, թե երևանյան փողոցներում:

Epress.am-ը Երևանի քաղաքացիների հետ զրուցել է Էմմիի կատարման մասին:

«Կոնկրետ որ Էմմին էր գնում, դրա համար չեմ նայել Եվրատեսիլը, ու ինձ համար մեկ էր էդ մրցույթը»,- ասել է Վ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող Աննան:

«Իսկ ես նայել եմ համերգը, բայց որ ասեմ` հավանել եմ` չէ, բայց շատ վատ չէր: Անսպասելի էր, որ չանցավ եզրափակիչ: Ու մի բան ասեմ, պետք է Էմմիի միկրոֆոնը բերանի մոտ ամրացնեին, դա նրան շատ էր խանգարում»,- նշել է Աննայի համակուրսեցին` Էմման:

Նշենք, որ մեր զրուցակիցների մեծ մասը հավանել էր Էմմիի Boom-Boom երգի բեմականացումը, սակայն երգի մասին կարծիքներն ավելի հաճախ բացասական էին:

Կային նաև մարդիկ, ովքեր Էմմիի կատարման մեջ հավանել էին ամեն ինչ:

«Ես շատ եմ տխրել, որ չի անցել Էմմին, հիմա պատկերացնում եմ իրա վիճակը, ընդհանրապես չէի սպասում, որ չի անցնի: Ինքն էլ էր շատ լավը, երգն էլ, շոուն էլ»,- ասել է 20-ամյա Հրանուշը:

«Շատ գոհ ենք Էմմիի ելույթից, ինքը շատ լավ ներկայացրեց Հայաստանը, բայց շատ ափսոս, որ չանցավ: Շատ ափսոս էր, աբսուրդ էր, որ Էմմին չանցավ, որովհետև էդքան պարել ու միաժամանակ երգել շատ դժվար ա»,- նշել է Զավեն անունով  երիտասարդը:

Եղան նաև բացասական կարծիքներ թե երգի, թե կատարման մասին:

Մասնավորապես, Մանկավարժական համալսարանի մոտ կանգնած 4-րդ կուրսի մի քանի աղջիկներ խիստ դժգոհ էին շոուից և երգից:

«Ֆու, զզվում եմ իրանից, ստեղ զոռեց, էրեսը պնդեց, գնաց Եվրատեսիլ, բայց սկի եզրափակիչ չանցավ էդ հարիֆը: Ու շատ սպասելի էր, որ չանցավ, ինչ պիտի աներ, որ ոչ ձեն ունի, զզվում եմ իրանից», – ասել է աղջիկներից մեկը:

Tekali Taxi