Home / Հայաստան / Փաշինյանը բացատրում է` ինչի շուրջ կարող են միավորվել հայկական ԶԼՄ-ները

Փաշինյանը բացատրում է` ինչի շուրջ կարող են միավորվել հայկական ԶԼՄ-ները

Ապրիլի 27-ին Epress.am լրատվական կայքը լրատվամիջոցների ակցիայի շրջանակներում 6 հարց էր ուղղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Երեկ հարցերից մեկի պատասխանը կայքում արդեն հրապարակվել է:

Այսօր ներկայացնում ենք ևս մեկ հարցին Փաշինյանի պատասխանը:

Հարց.

Կարծո՞ւմ եք, որ գոյություն ունի մի այնպիսի ընդհանուր խնդիր, որի շուրջ այսօր կարող են միավորվել բոլոր հայկական ԶԼՄ-ները:

Պատասխան.

Իմ ընկալմամբ` ԶԼՄ-ները կարող են և պարտավոր են միավորվել խոսքի ազատությանը սպառնացող ցանկացած վտանգ, երևույթ չեզոքացնելու շուրջ:

Այսօր հրատապ է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում տեղի ունեցած տխրահռչակ փոփոխությունների հետևանքների և պոտենցիալ վտանգների չեզոքացումը: Ընդ որում` անելիքը շատ առարկայական է:

  1. Պետք է հստակեցվեն «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները, ավելի ճիշտ` Քաղաքացիական օրենսգրքում պետք է տեղ գտնեն հենց այն նույն ձևակերպումները, որ «զրպարտություն» և «վիրավորանք» հասկացությունները բնորոշում էին Քրեական օրենսգրքում:
  2. Քրեական օրենսգրքի մեջ նախկինում եղած չափանիշներին պետք է համապատասխանեցվեն նաև տուգանքների չափերը` ներառելով նաև դատական ծախսերը:

Որևէ կասկած չկա, որ գործող ՄԻՊ-ի նախաձեռնած տխրահռչակ փոփոխությունները Քաղաքացիական օրենսգրքում` նպատակ ունեն սնանկացմամբ ոչնչացնել ազատ մամուլը Հայաստանում: Ազատ մամուլ ասելով, ի դեպ, պետք է հասկանալ ոչ կառավարական մամուլը, որովհետև Հայաստանում, չգիտես ինչու, ազատ մամուլ ասելով, ուզում են հասկանալ ոչ մի համակրանք կամ հակակրանք չունեցող, սեփական ուղեգիծ կամ նպատակ չունեցող մամուլ: Նման մամուլ, ԶԼՄ կամ թերթ չկա աշխարհում, չի եղել ու չի լինի երբեք: Մամուլի ազատությունը հենց դրա համար է, որ յուրաքանչյուրը իրավունք ունենա արտահայտել իր համակրանքն ու հակակրանքը, ընդհուպ` քարոզչություն և հակաքարոզչություն իրականացնել, տեղեկություններ և վարկածներ տարածել:

Այնպես որ, խոսքի ազատությունը հարգող ամեն ոք պետք է իրենից կախվածը անի Քաղաքացիական օրենսգրքում նշված երկու փոփոխություններն իրագործելու համար: Լրագրողական համքարությունը ի վիճակի է դա անել, և եթե կուզեք` դա պատվի հարց է:

Եթե ԶԼՄ-ները այս խնդրի շուրջ միավորվեն, դա չի նշանակի, որ նրանք ընդունում են միմյանց աշխատանքի սկզբունքներն ու ոճը: Եթե այսպես լինի, բոլոր այդ լրագրողները կաշխատեին մեկ լրատվամիջոցում: Ընդհակառակը, համատեղ ջանքերով նրանք պետք է պաշտպանեն սեփական ոճն ու սկզբունքներն ունենալու յուրաքանչյուրի իրավունքը, համաձայն չլինելու իրավունքը, համակրանք ու հակակրանք ունենալու իրավունքը: Հենց այս իրավունքների իրացման հնարավորությունն է բռնապետությունը տարբերակում ժողովրդավարությունից: Քաղաքացիական օրենսգրքի այսօրվա դրույթները բռնապետական նպատակներ ունեն, միանշանակ:

Tekali Taxi