Home / Հայաստան / Բելլի երկրպագու Տիգրան Սարգսյանը. Հայաստանում խոսել են պայքարողների ու ակտիվիստների մասին

Բելլի երկրպագու Տիգրան Սարգսյանը. Հայաստանում խոսել են պայքարողների ու ակտիվիստների մասին

1960-ականներին Արևմուտքում սկսվում է մի ընթացք, որը կարելի է անվանել ապագաղափարախոսացում: Այս ալիքի տակ հայտնվում են տարբեր տեսություններ` նեոլիբրալիզմ, պոստինդուստրիալ հասարակության տեսություն, պոստմոդեռնիզմ: Դրանք բոլորն էլ նպատակ ունեին արժեզրկել «պայքարողներին» և այն փոխարինել «քաղաքացիական հասարակության» ակտիվիստներով: Այս մասին «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խորհդրի այսօրվա նիստի ընթացքում խոսել է մշակութաբան Վարդան Ջալոյանը:

«Կես դարի ընթացքում նրանց փաստարկները վերածվել են կարծրատիպերի և ազդեցություն ունեն քաղաքական ընթացքի վրա: Այն նաև կարող է ընդունել գիտակցված ձևեր: Օրինակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ամերիկյան պահպանողական սոցիոլոգ Դենիել Բելլի (լուսանկարում) երկրպագուն է, որը և տվել է «պայքարողների» իր տեսությունը», – ասել է Ջալոյանը:

Նա նշել է, որ Բելլի հիմնական աշխատությունը պետք է համարել «Կապիտալիզմի մշակութային հակասությունները» /1969/: Սոցիոլոգի քննադատության հիմնական թիրախը համընդհանուր բարեկեցության պետությունն է /ՀԲՊ/: Ըստ նրա՝ ՀԲՊ-ն ծնում է ուժեր, որոնք, եթե չվերահսկվեն, կարող են կործանել կապիտալիստական կարգերը: Հանգիստ սոցիալական կյանքի և բարձրագույն կրթության տարածման հետևանքով ձևավորվում է «պայքարի մշակույթ» կոչված երևույթը, որն ուղղված է ընդդեմ կապիտալիզմի պարտադրած սահմանափակումների: Երիտասարդների զգալի մասը սկսում է ձգտել ազատության և ինքնադրսևորման, պահանջել արմատական փոփոխություններ: Այս իրավիճակը, ըստ նրա, ստեղծել է կեյնսիական սոցիալական մոդելը, որ շեշտադրում է սոցիալական ապահովությունը և վերաբաշխումը: Սոցիալական ապահովության տարածման շնորհիվ այն ստեղծել է անշահախնդիր մարդկանց բանակ և այդ պատճառով հարկավոր է վերադառնալ անհատապաշտական տնտեսական ռացիոնալության սկզբունքներին: Սեփական կյանքի ոճ պետք է իրավունք ունենան միայն նրանք, ովքեր դրա համար բավարար միջոցներ ունեն:

«Արևմուտքի հարաբերական հարստությունը ստեղծել էր  «արժեքային կողմնորոշված ինտելեկտուալների», որոնք քննադատաբար են տրամադրված գործող կարգի դեմ, որոնք պայքարում են: Դրան հակադրված են «տեխնոկրատական և քաղաքական կողմնորոշված ինտելեկտուալները», որոնց ազդեցությունը վերջին կես դարի ընթացքում աճում է և  որին, իհարկե, պատկանում է նաև Տիգրան Սարգսյանը: Դ. Բելլի գաղափարը կայանում էր նրանում, որ դեմոկրատական պրոցեսի խորացումը կհանգեցնի սոցիալիզմի և այդ պատճառով հարկավոր է հավասարակշռ գտնել տնտեսական ռեսուրսների և քաղաքական ձգտումների միջև:  Այսպիսով, «պայքարողներից» ազատվելու հիմնական միջոցը դառնում է տնտեսական ճնշումը. կարգապահությունը վերադառնում է, երբ մարդիկ կրկին սովորում են ապրել ըստ միջոցների: Պետության հակակշիռը դառնում է «քաղաքացիական հասարակությունը», որը պայքարում է պետության պարտադրող հոգատարության դեմ», – ընգծել է Ջալոյանը:

Նրա խոսքով՝ այդ գործընթացների արդյունքում առաջանում է «դեմոկրատական կոնսենսուսի» հասկացությունը, այսինքն՝ քաղաքական մրցակցության գաղափարը, որ տարվում է ընդհանուր կանոններով: Օրինակ՝ բոլոր թեկնածուները պետք է համաձայն լինեն մասնավորեցման, շուկայի ազատականացման և այլ գաղափարների հետ: Ցանկացած դեպքում իշխանություն պետք է գան մարդիկ, որոնք էապես ոչինչ չեն փոխելու. խնդիրը միայն «լավ կառավարումն» է: Սա ապապատմական աշխարհ է, որտեղ տեղ կա միայն անձնական ինքնակատարելագործման համար: Համանման պրոցեսներ տեղի ունեցան նաև արվեստում և մշակույթում:

«Այսպիսով, կարելի է սահմանել «պայքարողներին» որպես հասարակության ամբողջական վերակառուցման կողմնակիցներ, իսկ «ակտիվիստներին» որպես տակտիկական, մասնավոր լուծումների կողմնակիցներ: Եթե առաջիների համար կողմնորոշիչ հասկացությունը ընդհանուր շահն է, ապա երկրորդի համար` ինքնությունները` ազգային, գենդերային, ռասայական և այլն, հիմնված խմբային մրցակցությունը սկզբունքների վրա», – եզրափակել է Ջալոյանը:

Տեքստը տրամադրել է Արա Նեդոլյանը

Tekali Taxi