2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Վրաստանի իշխանությունը հոգևորականների հետ պայքարի մեջ չի մտնի Հայկական եկեղեցու համար

Վրաստանի ներկայիս ղեկավարության վերաբերմունքը երկրի հարավում գտնվող  հայաբնակ Ջավախքի շրջանի նկատմամբ` թանկ ճանապարհի կառուցումը, դպրոցների վերանորոգումը, դասագրքերի տրամադրման վերաբերյալ Հայաստանի Կրթության նախարարության հետ համաձայնագիրը, պետք է դիտարկել Թբիլիսիի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Կովկաս-2010 միջազգային կոնֆերանսի ընթացքում այս մասին հայտարարել է Ճավճավաձեի անվան համալսարանի  Ծագումնաբանության և արդիականության ինստիտուտի տնօրեն Գիգա Զեդանիան:

Նա նշել է, որ, ընտրելով եվրաինտեգրման ուղին, Վրաստանը փորձում է բարելավել ազգային փոքրամասնությունների վիճակը, ամրացնել հարաբերությունները հարավային Կովկասի մյուս երկրների հետ:

Ինչ վերաբերում է Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակին, փորձագետի խոսքով, այս հարցը երկրի քաղաքական ղեկավարության իրավասություններից դուրս է գտնվում:

«Իշխանությունները ցանկանում են կարգավիճակ տալ ոչ միայն հայկական, այլ նաև կաթոլիկ և մյուս եկեղեցիներին: Սակայն Վրաստանի քաղաքական իշխանությունը բացահայտ պայքարի դուրս չի գա իշխանության այնքան ազդեցիկ կառույցի դեմ, ինչպիսին է Վրաստանի ուղղափառ եկեղեցին: Հենց այս կառույցի լիազորությունների մեջ է մտնում այլ եկեղեցիներին կարգավիճակ տրամադրելու իրավունքը» ,-ասել է Զեդանիան: