Home / Հայաստան / Համաներման առաջարկը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. կարծիք

Համաներման առաջարկը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում. կարծիք

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` խորհրդարանին ներկայացրած համաներում շնորհելու առաջարկը խորhրդարանի կողմից կքննարկվի առաջիկա նիստում, քանի որ այն արվել է մայիսի 28-ի տոնին ընդառաջ և դեռ բավական ժամանակ կա:

«Առաջարկը կարող է քննարկվել և արտահերթ նիստում, և առաջիկա նիստում: Դա կախված է նրանից` ինչպիսի որոշում կկայացվի ԱԺ նախագահի հրավիրած խորհրդակցության արդյունքում»,- ասել է Շարմազանովը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի առաջարկը արտահերթ նիստում կքննարկվի:

«Քանի որ Ազգային Ժողովի այսօրվա պետաիրավական հանձնաժողովի նիստում այդ հարցը չի քննարկվել, ապա տրամաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ հարցը արտահերթ կքննարկվի»,- ասել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկությամբ:

Նշենք, որ Հայաստանի անկախության 20-ամյակը նշվելու է այս տարվա սեպտեմբերի 21-ին, իսկ մայիսի 28-ը Առաջին հանրապետության օրն է:

Tekali Taxi